Բարոզուն նոր հորիզոններ է տեսել

Եվրամիությունը պետք է փոփոխություններ մտցնի Լիսաբոնի համաձայնագրում՝ եվրոգոտու ֆինանսական ներուժն ամբողջությամբ բացահայտելու համար։ Այսպիսի հայտարարություն է արել Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն Եվրախորհրդարանում երեկվա իր ելույթի ընթացքում։

«Մենք պետք է պետությունների դաշնության վերածվենք։ Ահա մեր քաղաքական հորիզոնը։ Եվրամիությունը պետք է ազգերի դեմոկրատական դաշնություն, այլ ոչ թե վերազգային գերտերություն լինի»,– ասել է Բարոզուն։ Նրա խոսքով՝ անցումն անհրաժեշտ է եվրոգոտում ավելի խոր ինտեգրման և կայունության համար։ Բարոզուն ԵՄ անդամ երկրներին առաջարկել է «սահմանափակել սեփական ինքնիշխանությունը՝ հանուն աշխարհում Եվրոպայի ինքնիշխանության մեծացման»։

Նա հանդես է եկել նաև ԵՄ ազգային կառավարությունների մի շարք լիազորությունները Բրյուսելին և Եվրահանձնաժողովին պատվիրակելու օգտին, ինչի համար էլ հենց անհրաժեշտ են փոփոխությունները ԵՄ հիմնարար համաձայնագրերում։ «Դա հնարավոր չի լինի արագ անել»,– ասել է Բարոզուն՝ հույս հայտնելով, որ միության հիմնարար նոր համաձայնագրի մշակումը կավարտվի մինչ 2014թ., երբ տեղի կունենան Եվրախորհրդարանի նոր ընտրությունները։

Մեկնաբանելով Հունաստանի ներկայիս իրավիճակը՝ Բարոզուն նշել է, որ Աթենքը չի լքի եվրոգոտին, եթե երկրի իշխանությունները հավատարիմ մնան ստանձնած պարտավորություններին։ Բարոզուն տեղեկացրել է նաև, որ Եվրահանձնաժողովը մինչև տարեվերջ կհրապարակի ավելի սերտ տնտեսական ու ֆինանսական միության ստեղծման ծրագիրը։