«Հյուսիս-հարավ»-ի շինաշխատանքները վերջապես մեկնարկեցին

Սեպտեմբերի 13-ին Երևան-Արարատ ճանապարհահատվածի սկզբնամասում տրվեց «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի շինարարության պաշտոնական մեկնարկը։ Մասնակցում էին տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, շինարարությունն իրականացնող իսպանական Corsan Corviam Construccion S.A ընկերության նախագահ Ֆրանսիսկո Գարսիա Մարտինը։

Թեև շինաշխատանքների հանդիսավոր մեկնարկի՝ դրանք սկսվել են ուշացումով, առկա են նաև նախատեսված ժամկետներում աշխատանքներն ավարտելու ռիսկեր։ Խնդիրն այն է, որ «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի կառուցման աշխատանքների մի մասը՝ 82 կմ բետոնյա ծածկով Երևան-Արարատ, Երևան-Աշտարակ և Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի կապալառու իսպանական Corsan Corviam Construccion S.A ընկերությունը խոստացել էր սկսել մայիսի վերջին։ Ապրիլի 27-ին կառավարության հետ պայմանագրի ստորագրումից հետո Corsan Corviam Construccion S.A-ի նախագահ Ֆրանցիսկո Գարսիա Մարտինը վստահեցնում էր, որ 82 կմ ճանապարհահատվածի վերակառուցման և կառուցման աշխատանքները կսկսվեն մոտ մեկ ամսից։ Ըստ էության՝ աշխատանքները սկսվում են խոստացված ժամկետից 4 ամիս անց։

Հայաստանի կառավարության և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) միջև կնքված «Տրանշ 1» և «Տրանշ 2» պայմանագրերով նախանշված է, որ Երևան-Աշտարակ (երկարությունը 11,7 կմ) և Երևան-Արտաշատ (երկարությունը 19,6 կմ) ճանապարհահատվածներում վերականգնողական աշխատանքները պետք է ավարտվեն 2013թ., իսկ Աշտարակ-Թալին ճանապարհատվածի (երկարությունը 41,9 կմ) վերակառուցումը՝ 2014թ. դեկտեմբերին։ Իսպանական ընկերությունը խոստացել է Երևան-Աշտարակ և Երևան-Արտաշատ հատվածները կառուցել և վերակառուցել 18 ամսում, իսկ Աշտարակ-Թալինը՝ 36 ամսում կամ 2015-ի գարնան վերջին։ Նախանշված ժամկետներից շեղումն ակնհայտ է։

Հիշեցնենք, որ 556 կմ երկարությամբ «Հյուսիս-հարավ» (Ագարակ-Կապան-Երևան-Գյումրի-Բավրա) ճանապարհային միջանցքի ծրագիրը նախատեսվում էր սկսել դեռևս 2009թ. և ավարտել 2017թ. վերջին (այս ժամանակ էլ ստացվելու էր ԱԶԲ-ի վերջին՝ չորրորդ տրանշը)։

ԱԶԲ-ն այս ծրագրի համար հաստատել է $500 մլն վարկային միջոցների հատկացում՝ կառավարության $462 մլն համաֆինանսավորման այմաններում։ Բանկը երկու տրանշերով արդեն հատկացրել է $230 մլն։ Այս տարվա նոյեմբերի վերջին ԱԶԲ-ի տնօրենների խորհուրդը պետք է քննարկի և հաստատի Հայաստանին «Տրանշ 3»-ով $160 մլն միջոցների հատկացումը։

Մեկնաբանել