Լիմայում կռվի կբռնվեն գրողները

Պերուի մայրաքաղաքում գրողները պատրաստ են կռվի բռնվել սեփական գրքերը լույս ընծայելու համար: Նրանք հրապարակային հատուկ գրական մրցումներ են կազմակերպում, որոնց ընթացքում ելույթ են ունենում ռեստլեր-մարտիկների դիմակներով: Այս դեպքում դիմակները պահպանում են մասնակիցների անանունությունը և դիտարժան դարձնում միջոցառումը:

Գրողների մրցույթը ճիշտ ռեստլերների մարտերի օրինակով է անցկացվում, սակայն մասնակիցները ֆիզիկական ուժի փոխարեն չափում են գրական տաղանդի ուժը։ Հինգ րոպեի ընթացքում գրողները պիտի պատմվածք հորինեն, որը ժյուրիի կողմից ընտրված երեք սյուժետային գիծ պետք է պարունակի: Մրցույթի հաղթողը հնարավորություն է ստանում հրատարակել իր ստեղծագործություններից մեկը:

Գրական իմպրովիզացիայի Lucha Libro մրցումները Լիմայում արդեն երկրորդ անգամ են անցկացվում: Գրողների զույգերը հանդիպում են մայրաքաղաքի La Noche բարում:

Մրցարշավի կազմակերպիչ Քրիստոֆեր Վելասկեսը դեռևս տասը տարի առաջ է մտահղացել այս միջոցառումը՝ տաղանդավոր երիտասարդ ստեղծագործողների առաջխաղացմանը նպաստելու համար: Թեև գրական իմպրովիզացիայի ժանրը հարյուրամյակների պատմություն ունի, մրցումները դեռևս երբեք իրական մարտի տեսքով չեն անցկացվել: Վելասկեսի ընտրած ձևաչափը մեծ խանդավառությամբ է ընդունվել պերուացի գրողների կողմից:

Ժյուրիի կազմում ընդգրկված են գրողներ, լրագրողներ և մշակույթի գործիչներ: Մարտերի այս սեզոնին մասնակցում է 32 հեղինակ։ Նրանց մրցամարտերին յուրաքանչյուր շաբաթ մոտ 200 մարդ է հետևում, որոնք մասնակցում են նաև ժյուրիի քննարկմանը:

Կազմակերպիչները, տեսնելով միջոցառման հաջողությունը, հատուկ ձեռնարկ են պատրաստել նրանց համար, ովքեր կցանկանան նման միջոցառում կազմակերպել իրենց քաղաքում:

Մեկնաբանել