Փոփը գրավում է օպերան

Ջորջ Մայքլը դարձել է առաջին փոփ արտիստը, որը մենահամերգով հանդես է եկել Փարիզի օպերայի բեմում: «Գարնիե» պալատի հանդիսավոր մթնոլորտում երգչի Symphonica ծրագիրը փառահեղ է հնչել:

«Որպես փոփ երաժշտության դասական՝ ես կարող եմ նվաճել նաև իմ կարգավիճակին վայել դասական բեմեր»,– թերևս այսպես է մտածել Ջորջ Մայքլն ու անցյալ տարվա օգոստոսին Պրահայի օպերային թատրոնում ներկայացրել իր Symphonica։ The Orchestral Tour ծրագիրը: Աշնանը Մայքլը ելույթ է ունեցել նաև Լոնդոնի Թագավորական օպերայում, մինչդեռ Եվրոպայի մյուս քաղաքներում բրիտանական արտիստը հանդես է եկել հիմնականում փոքր սրահներում, մարզադաշտերում:

Symphonica համերգային շրջագայության շրջանակում «Գարնիե» օպերայում ելույթը բարեգործական էր՝ ի աջակցություն ՁԻԱՀ-ի դեմ պայքարող Sidaction ֆրանսիական հիմնադրամի: Ի տարբերություն աշխարհի մյուս հռչակավոր օպերային բեմերի՝ նյույորքյան «Մետրոպոլիտեն» օպերայի, Վիեննայի «Շտաատսոպերի» և լոնդոնյան «Քովենթ-Գարդենի», «Գարնիե» պալատի պատմական բեմում փոփ աստղեր երբևէ ելույթ չեն ունեցել:

Բացառության պատճառը երևի այն է, որ Ջորջ Մայքլը «համահունչ» է օպերային. նա դրամայի արքա է, երաժշտական բացառիկ տաղանդով օժտված կատարող ու դժվարին ճակատագիր ունեցող մարդ, որը բազմիցս հայտարարել է. «Ես ցանկանում եմ վերջ դնել իմ անմիտ կենսակերպին»: