Լիբիան նոր վարչապետ ունի

Լիբիայում նոր վարչապետ է դարձել Մուստաֆա Աբու Շագուրը։ Երեկ նրան այս պաշտոնում նշանակել է երկրի խորհրդարանը՝ Ազգային կոնգրեսը, հաղորդում է Reuters-ը։ Մուստաֆա Շագուրը քվեարկության երկրորդ փուլում առաջ է անցել նախկին վարչապետ Մահմուդ Ջիբրիլից՝ ստանալով 96 պատգամավորի ձայն, այն դեպքում, երբ նրա մրցակցին հաջողվել է ստանալ 94 խորհրդարանականի աջակցությունը։

Ազգային կոնգրեսում կա 200 տեղ։ Առաջին փուլում առաջատար է եղել Ջիբրիլը՝ 86 ձայն ընդդեմ Շագուրի 55 ձայնի։

Նորընտիր վարչապետի խոսքով՝ նրա համար առաջնահերթություն է դառնալու երկրի անվտանգության ապահովումը։

Կրթությամբ ինժեներ Մուստաֆա Աբու Շագուրը Լիբիա է վերադարձել 2011թ․ ԱՄՆ-ից։ Նա խորհրդական էր ներկայում լուծարված Ազգային անցումային խորհրդում։ 2011թ․ նոյեմբերին դարձել էր Լիբիայի վարչապետ Աբդ առ Ռահիմ ալ Քիբի տեղակալը։

Նշենք, որ վարչապետի պաշտոնում Շագուրի ընտրությունը տեղի է ունեցել Բենղազիում ԱՄՆ-ի հյուպատոսության շենքի վրա իրականացված հարձակման հաջորդ օրը․ հարձակման հետևանքով զոհվել էր Լիբիայում ԱՄՆ-ի դեսպան Քրիստոֆեր Սթիվենսը և դիվանագիտական առաքելության ևս երեք աշխատակից։

Մեկնաբանել