ՀՖՖ-ն պահանջում է պատժել «ցիգան» վանկարկող բուլղարացի երկրպագուներին

Աշխարհի առաջնության ընտրական փուլի 2-րդ տուրի Բուլղարիա – Հայաստան (1:0) հանդիպման ժամանակ տանտերերի երկրպագուների պահվածքը կարող է շատ թանկ նստել Բուլղարիայի ֆուտբոլի ֆեդերացիայի վրա: Sporta. bg-ն, հղում անելով Meridian match-ին, գրում է, որ ՀՖՖ-ն բողոք է ներկայացրել ՈւԵՖԱ` պահանջելով համապատասխան միջոցներ ձեռնարկել բուլղարացի երկրպագուներին պատժելու համար: Հիշեցնենք, որ տանտերերի ֆանատները հայ ֆուտբոլիստների և երկրպագուների հասցեին անընդհատ վանկարկում էին «ցիգաններ, ցիգաններ»: Բացի այդ, աղբյուրի տվյալներով` ՀՖՖ-ն բողոքարկել է նաև հանդիպման գլխավոր մրցավար Շտեֆան Շտուդերի ցուցադրած 2 կարմիր քարտը:

Կայքը գրում է, որ «ցիգան» բառը հասկանալու խնդիր հայերը չունեն, քանի որ այն նույն կերպ է հնչում ռուսերեն: Եվ, եթե ՈւԵՖԱ-ն այս ամենը դիտարկի որպես ռասիստական դրսևորում, ապա Բուլղարիայի ֆուտբոլի ֆեդերացիան կարող է տուգանվել, իսկ հավաքականը մի քանի հանդիպում առանց հանդիսականների անցկացնել:

Նշվում է, որ անցյալ տարի կայացած Անգլիայի հավաքակնի հետ հանդիպումից (0:3) հետո Բուլղարիայի ֆուտբոլի ֆեդերացիան վերջին նախազգուշացնում է ստացել ՈւԵՖԱ-ից. բուլղարացի ֆանատները կապիկների ձայներ են արձակել, երբ գնդակը հայտնվել է մրցակցի սևամորթ ֆուտբոլիստներ Էշլի Քոուլի կամ Էշլի Յանգի մոտ:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել