ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը սեպտեմբերի 11-ի 11-րդ տարելիցի կապակցությամբ հարցազրույց է տվել Euronews-ին, որի ընթացքում անդրադարձել է նաև Կովկասում տիրող լարված իրավիճակին:
Euronews-ի հարցին, թե Երևանում վերջին այցի ընթացքում տեսել է արդյոք բողոքի ցույցեր ընդդեմ ՆԱՏՕ-ի և չի զգում որոշակի պատասխանատվություն Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթաներին հայ սպայի սպանության համար, Ռասմուսենն ասել է. «Սա շատ ողբերգական դեպք է: Սակայն թույլ տվեք ընդգծել, որ Երևանում ես չեմ հանդիպել ՆԱՏՕ-ի դեմ որևէ ցույցի: Ես տեսել եմ երիտասարդ ցուցարարների, որոնք համաձայն չէին Սաֆարովին ներում շնորհելու մասին Ադրբեջանի որոշման: Այդ սարսափելի հանցագործությունը չպետք է հերոսացվի: Ես խորապես մտահոգված եմ, որ Ադրբեջանի կողմից Սաֆարովին ներման շնորհումը կվնասի վստահությանը և չի նպաստի տարածաշրջանում խաղաղության, համագործակցության և հաշտեցման հաստատմանը»: