Հրանտ Գրիգորյանը՝ ինքնասպանությունների հանցակից

«Ամեն օր կամ Կիևյան մոստից, կամ Պոբեդա մոստից մեկը իրեն գցում է, ճի՞շտ է։ 3-4 մլն-ից ոնց էլ լինի` մեկը իրեն գցում է, բա այդքան հազարից ուզում ես ամիսը մի հատ ըտենց բան չլինի՞»։ Հանրապետական պատգամավոր Հրանտ Գրիգորյանը հատուկ լրագրողի համար այսպես է փորձել արդարացնել բանակում տեղի ունեցող ինքնասպանությունների «օրինաչափությունը»։ Հրանտ Գրիգորյանն ԱԺ-ում պատասխանատու է գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի համար։

Հավանաբար բանակում ինքնասպանությունների աճի միտման մասին հարցադրումը նա ընկալել է ծիրանի բերքահավաքի վրա բնության տարերքների ազդեցության համատեքստում. չէ՞ որ մի գյուղում ինչ-որ մեկն իր այգուց ակնկալում էր ստանալ, ենթադրենք, 2 տոննա ծիրան, սակայն կարկուտը փչացրեց բերքը և հիմա նա 2 կգ ծիրանի հույս էլ չունի։ Հանրապետության կտրվածքով 2 տոննա ծիրանի բերքի փչացումը չնչին բան է, ամբողջ հանրապետությունում ծիրանի բերքը 2 հազար տոննայի հասցնելու հույս կա։ Հիմա ինչպես սա պիտի հնչեր Հրանտ Գրիգորյանի բերանով։ «2 հազար տոննայից ոնց էլ լինի 2 տոննան կփչանա»։ Մեր յուրաքանչյուր զինվորն այսպիսով գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի անդամի համար, ծիրան է, մի տարի կփչանա, մյուս տարի բերք կլինի։ Ու որ յուրաքանչյուր զինվորի թիկունքին կան ծնողներ, եղբայրներ, քույրեր, դա ոչինչ։ Ու որ Հրանտ Գրիգորյանն ինքն էլ ծնող է և ունի երեխաներ, դա էլ ոչինչ։

Ընդամենը վերջերս էի մտածում՝ ի՞նչ է կյանքը։ Բայց սա անիմաստ հարց է։ Կյանքը ինձ և Հրանտ Գրիգորյանին հավասարապես կվերաբերի, եթե մենք նույն անակնկալների և նույն հրաշքների դաշտում ապրենք։ Ամբողջ աշխարհում կան հարյուրհազարավոր միլիոնատերեր, որոնք ապրում են Հրանտ Գրիգորյանից շքեղ, ոչ ոք նրանց էշին չոշ չի ասում, բայց նրանց գերակշիռ մասը կյանքին չի նայում նյութական ձեռքբերումների պատուհանից, նա կյանքին նայում է հնարավոր փորձությունների և հնարավոր ողբերգությունների դիապազոնով։ Ոչ ոք չի ուզում ինչ-որ բանի համար արդարացնել մեկ ուրիշին, հատկապես, երբ իր անձնականի մասին չէ խոսքը։

Բանակում կան զոհեր։ Նրանց վրա թշնամին չի կրակել։ Նրանք իրենք են կրակում իրենց վրա։ Սրանից ի՞նչ է հասկանում Հրանտ Գրիգորյանը։ Ոչինչ։ Բայց չհասկանալու իրավունք նա ունի, որովհետև Հրանտ Գրիգորյանն ի՞նչ 300 գործ ունի ԱԺ-ում, որպեսզի ծիրանի բերքի մակարդակով դատի զինվորի կյանքի մասին։

Ո՞վ է Հրանտ Գրիգորյանը, նա նույնիսկ հարազատ քեռու հետ խնդիրներ ունի։ Ուրեմն, նախ քեռուդ հետ խնդիրներդ լուծիր, նոր խոսիր ուրիշի ինքնասպանության մասին։ Որովհետև կյանքը քեռուդ հետ խնդիրներն են, ոչ թե մնացած բոլորի ինքնասպանությունը։ Որովհետև դուք եք ապրողը։ Ինչու՞ են Հրանտ Գրիգորյանին հարցրել զինվորների ինքնասպանության մասին։ Որովհետև նա է ԱԺ-ում նստողը։ Արդեն փակ շրջան է։ Որովհետև ԱԺ-ն որոշ իմաստով քո ինտելեկտուալ հնարավորությունների արտացոլանքն է, իսկ քո ինտելեկտուալ հնարավորությունների ներկայացուցիչը Հրանտ Գրիգորյանն է, և նա էլ, ահա, ասում է, թե «ի՞նչ է եղել որ»։ Մարդը ոչ թե հավասարեցնում է զինվորի մահն ու «Պոբեդա մոստից» նետվողի մահը, այլ ուզում է ասել, որ «Պոբեդա մոստից» նետվողի մասով որևէ վերաբերմունք չունի, այ զինվորի մասով կարող է խոսել, կարող է նույնիսկ ցավ ապրել։ Նա դադարել է ընդհանուր որևէ բան ունենալ մեռնող հայրենակիցների հետ։ Այդպես որևէ բան չի ունենում ուզբեկը մոզամբիկցի սովյալների մահվան հետ, որովհետև, չի բացառվում, որ տեղյակ էլ չէ։ Հրանտ Գրիգորյանը տեղյակ է, որ Հայաստանում մարդիկ են ինքնասպանվում։ Ոգին, որով նա ընկալում է այդ մահը, նրան դարձնում է հանցակից արդեն գործած և դեռ գործվող ցանկացած ինքնասպանության։

 Մհեր Արշակյան