Կահիրեում շարունակվում են անկարգությունները

Կահիրեում սեպտեմբերի 11-ին սկսված ցույցերը (որոնց պատճառ է դարձել սեպտեմբերի 11-ի հերթական տարելիցին նվիրված ֆիլմը, որն ըստ մուսուլմանների՝ վիրավորում է իրենց կրոնը և Մուհամադ մարգարեին) կրկին վերաճել են ցուցարարների՝ ոստիկանության հետ բախումների, հաղորդում է BBC-ն։

Ագրեսիվ տրամադրված ամբոխը Եգիպտոսում ԱՄՆ-ի դեսպանատան շենքը հսկող ոստիկանների վրա նետել է քարեր ու այրվող հեղուկով շշեր։ Վիրավորվել է 13 ոստիկան։

Ի պատասխան՝ ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և օդ է կրակել։

«Մուսուլման եղբայրներ» կազմակերպությունն իր համախոհներին կոչ է արել սեպտեմբերի 14-ին՝ ուրբաթօրյա աղոթքից հետո, դուրս գալ զանգվածային ցույցերի՝ բողոքելով մարգարեի մասին ֆիլմի դեմ։

Նախօրեին վրդովված ամբոխը Կահիրեում անցել էր ԱՄՆ-ի՝ լավ պաշտպանված դեսպանատան շենքի պարսպի վրայով և Միացյալ Նահնագների դրոշը փոխարինել էր իսլամիստական սև դրոշով՝ «Չկա Աստված, բացի Ալլահից, և Մուհամադը նրա մարգարեն է» գրությամբ։

Սեպտեմբերի 11-ի մասին ֆիլմը վրդովեցրել է ոչ միայն Եգիպտոսի մուսուլմաններին։ Սեպտեմբերի 11-ին Լիբիայի Բենղազի քաղաքում իսլամիստները հարձակում էին իրականացրել ամերիկյան հյուպատոսության շենքի վրա, որի հետևանքով զոհվել էր ամերիկացի չորս դիվանագետ, այդ թվում՝ Լիբիայում ԱՄՆ դեսպան Քրիստոֆեր Սթիվենսը։

Զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել նաև Թունիսում, որտեղ մի քանի ժամ տևած խաղաղ ցույցերից հետո ամբոխը փորձել է ներխուժել ԱՄՆ-ի դեսպանատուն։ Ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ։

Մեկնաբանել