Պետական առողջապահական գործակալության ժամանակավոր պետ է նշանակվել Սարո Ծատուրյանը

Հայաստանի առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի սեպտեմբերի 12-ի հրամանով ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական առողջապահական գործակալության պետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար ժամկետային աշխատանքային պայմանագիր է կնքվել տնտեսագետ, առողջապահության ֆինանսավորման մասնագետ և կազմակերպիչ Սարո Ծատուրյանի հետ` մինչև քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից օրենքով սահմանված կարգով մրցույթ հայտարարելը, հաղորդում են Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից:

Սարո Ծատուրյանը 1989թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի պլանատնտեսագիտական ֆակուլտետը: 1992թ. ավարտել է ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրան: 1993թ. ավարտել է Բոստոնի համալսարանի (ԱՄՆ) հանրային առողջապահության դպրոցի «Առողջապահության ֆինանսավորումը զարգացող երկրներում» հատուկ դասընթացը, նույն թվականին Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում անցել է վերապատրաստում «Միջկառավարական հարաբերություններ և պետական ֆինանսական կառավարում» թեմայով: Ունի աշխատանքային հարուստ փորձ։

Հիշեցնենք, որ ավելի քան 10 տարի գործակալությունը ղեկավարած Արա Տեր-Գրիգորյանն աշխատանքից ազատվել է ընթացիկ տարվա օգոստոսի վերջին` սեփական դիմումի համաձայն: