Իներցիայով արտագաղթի ֆենոմենը

ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր դարձած Խոսրով Հարությունյանը Slaq.am կայքի հետ հարցազրույցում ասել է. «Մարդիկ արտագաղթում են իներցիայով: Եթե ուշադրություն դարձնեք, ճգնաժամից սկիզբ առած արտագաղթի իներցիան դեռևս շարունակվում է»:

Խոսրով Հարությունյանի ասածից կարելի է ենթադրել, որ Հայաստանում ոչ թե հասարակություն է, այլ բացառապես անգիտակից բնակչություն, որը առանց գիտակցելու կամ ըմբռնելու, արտագաղթում է «տնտեսական վերելքի» կիզակետում գտնվող երկրից: Ինչպե՞ս կարելի է իներցիայով թողնել ու վաճառել ամեն ինչ և ընտանքիով, ազգ ու բարեկամով անհայտ ճակատագրով գաղթական դառնալ:

Հասականալի է, որ իներցիայով կարելի է կողմ քվեարկել իշխանության ներկայացրած նախաձեռնություններին կամ իներցիայով փառաբանել իշխանական կերակրատաշտի մոտ իրենց տեղ հատկացնողներին, սակայն ոչ մի կերպ չի կարելի հասկանալ իներցիայով արտագաղթի ֆենոմենը:

Իշխանական քարոզչամեքենային և պալատական գործիչներին հավատալու դեպքում կստացվի, որ իշխանությունն ու կառավարությունը օր ու գիշեր մտածում են բնակչության բարօրության մասին, սակայն մենք՝ հայերս, այնքնան ապերախտ ենք, որ չենք ցանկանում տեսնել լավն ու դրականը և արտագաղթում ենք, հայհոյում ու քննադատում ենք և ի վերջո ինքնասպանվում: Սակայն ընտրությունների օրը հասկանում ենք, որ սխալվել ենք մեր մոտեցումներում և գերակշիռ մեծամասնությամբ «ընտրում ենք» մեզ արտագաղթից ամեն կերպ հետ պահող իշխանություններին:

Հավանաբար մեր գիտկացության վրա այդ պահին սկսում են ազդել Խոսրով Հարությունյանի բարոյախրատական ճառերը: