Մեկուկես տարում Եվրոպայում անշարժ գույքը կէժանանա 15%-ով

Առաջիկա հինգ տարիներին անշարժ գույքը Եվրոպայում կէժանանա, քանի որ առաջարկը գրեթե երեք անգամ կգերազանցի պահանջարկը։ Բացառություն կկազմի միայն շուկայի էլիտար հատվածը, որը կշարունակի թանկանալ։ Անշարժ գույքի հիմնական վաճառողները կլինեն կառավարությունները, որոնք կրճատում են ծախսերը, և բանկերը, որոնք կարգի են բերում ֆինանսները՝ համապատասխան կարգավորիչների նոր պահանջների։ Այսպիսի եզրակացություն է պարունակում ամերիկյան JP Morgan Chase-ի ուսումնասիրությունը։

Եվրոպական շուկայում անշարժ գույքի գերառաջարկը գների անկման տեղիք կտա։ Առաջիկա հինգ տարիներին Եվրոպայում վաճառքի կհանվի €413 մլրդ-ի անշարժ գույք՝ տարվա կտրվածքով մոտ €83 մլրդ։ Այդուհանդերձ, վաճառքների պիկը 2006-ին էր՝ €231 մլրդ-ի անշարժ գույք։ Ներկայում ներդրողների ակտիվությունը նվազագույնն է. JP Morgan Chase-ի փորձագետներն ակնկալում են, որ մինչև 2017թ. նրանք Եվրոպայում կգնեն €126 մլրդ-ի անշարժ գույք։

«Ներդրողների ներկայիս ռազմավարությունը կարելի է այսպես նկարագրել. «Ես գիտեմ ինչ է լինելու Եվրոպայում, ավելի լավ է հետաձգել գնումները»։ Իրադրությունը ճիշտ այսպիսին էր Lehman Brothers-ի սնանկացումից հետո, երբ ներդրողների ակտիվությունը սառեց ամիսներ շարունակ»,- ասված է ուսումնասիրությունում։

Ըստ JP Morgan-ի՝ շուկայում հիմնական վաճառողները կլինեն կառավարությունները և բանկերը։ Եվրոպական կառավարությունները բյուջեների պակասուրդի կրճատման նպատակով կվաճառեն €117 մլրդ-ի անշարժ գույք։ Ընդ որում, վաճառվող ակտիվների ցանկում հիմնականում պատմական կամ կիսավեր շինություններ են, որոնք շտապ վերանորոգման կարիք ունեն։

Բանկերը, որոնք հարկադրված են պորտֆելներում կրճատել ռիսկային ակտիվներն ու մեծացնել կապիտալը, այդ ընթացքում կվաճառեն €231 մլրդ-ի անշարժ գույք։ Նշենք, որ անցած տարի անշարժ գույքի շուկան լքելու մասին հայտարարել են ֆրանսիական Societe Generale և գերմանական Eurohypo բանկերը։ Հարկադրված լինելով արագ բարելավել իրացվելիությունը, բանկերը որպես կանոն ակտիվներինց հրաժարվում են զգալի զեղչերով։

Ըստ JP Morgan-ի փորձագետների՝ վաճառքների մեծ մասը բաժին կընկնի ամենաիրացվելի շուկաներին՝ Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային։ Ընդ որում՝ ներդրողների համար ներկայում Փարիզն ավելի գրավիչ է քան Լոնդոնը, որը ֆինանսական շուկաներից ավելի մեծ կախվածություն ունի։ Իսպանիան և Իտալիան, որոնք անշարժ գույքի շուկան կապահովեն համապատասխանաբար €96 մլրդ-ով և €49 մլրդ-ով, ներդրողների համար նվազ գրավիչ են։

JP Morgan Chase-ում ակնկալում են, որ առաջիկա 18 ամիսներին անշարժ գույքը Եվրոպայում կէժանանա 10-15%-ով։ Ընդ որում՝ եվրոպական հանգուցային շուկաներում՝ Ավստրիայում և Գերմանիայում գները կնվազեն 7%-ով։ Աճի հավանականությունը պահպանվում է արևելաեվրոպական, ինչպես նաև հյուսիսեվրոպական երկրներում, որոնք շատ թե քիչ մեկուսացած են արժութային գոտու խնդիրներից։