Կոնգրեսը մտադիր է Լիբիային ու Եգիպտոսին զրկել օգնությունից

ԱՄՆ-ի հանրապետական կոնգրեսականները մտադիր են դադարեցնել ամերիկյան օգնության հատկացումը Լիբիային ու Եգիպտոսին այս երկրներում Միացյալ Նահանգների դիվանագիտական ներկայացուցչությունների վրա իրականացված հարձակումներից հետո։

Երեքշաբթի Լիբիայի Բենղազի քաղաքում իսլամիստները հարձակում էին իրականացրել ԱՄՆ-ի հյուպատոսության շենքի վրա, որի հետևանքով զոհվել էր ամերիկյան դիվանագիտական առաքելության չորս աշխատակից, այդ թվում՝ դեսպան Քրիստոֆեր Սթիվենսը։

Նույն օրը Կահիրեում վրդովված ամբոխը անցել էր Եգիպտոսում ԱՄՆ-ի՝ լավ պաշտպանված դեսպանատան շենքի պարսպի վրայով և Միացյալ Նահնագների դրոշը փոխարինել էր իսլամիստական սև դրոշով՝ «Չկա Աստված, բացի Ալլահից, և Մուհամադը նրա մարգարեն է» գրությամբ։

Անկարգությունների պատճառ էր դարձել սեպտեմբերի 11-ի հերքական տարելիցին նվիրված ֆիլմը՝ «Մուսուլմանների անմեղությունը», որը ըստ մուսուլմանների՝ վիրավորում է իրենց կրոնը և Մուհամադ մարգարեին։

Ինչպես լրագրողներին հայտնել է Լուիզիանայից կոնգրեսական Ջեֆ Լենդրայը, այս երկրների օգնության ֆինանսավորման դադարեցման հարցը խորհրդարանականները դիտարկելու են հինգշաբթի։

«Եթե այն ամենից հետո, ինչ տեղի է ունեցել, նախագահը հետ կանչեր այդ փողերը, դա կլիներ առաջնորդության հիանալի օրինակ․․․ Սակայն ավելի հեշտ կլինի, եթե մենք ինքներս ասենք «ոչ» այդ ծախսերին»,- հայտարարել է Լենդրայը։

Նրա խոսքով՝ օգնության ֆինանսավորումը ներառված է ներկայում Ներկայացուցիչների պալատի կողմից դիտարկվող պետական ծախսերի ֆինանսավորման կեստարյա ծրագրում, և Լիբիային ու Եգիպտոսին միջոցների հատկացումը դադարեցնելու համար կոնգրեսականներին անհրաժեշտ է միայն բացառել այդ հոդվածը օրենքի նախագծից։ Լենդրայը չի նշել միջոցների ծավալը, որոնք ծրագրվում են հատկացվել Եգիպտոսին ու Լիբիային։

Միևնույն ժամանակ հատկացումների գծով կոմիտեում վստահ չեն, որ պահպանողականներին կհաջողվի դադարեցնել միջոցների հատկացումը։ Ինչպես լրագրողների հետ զրույցում նշել է կոմիտեի նախագահ Հել Ռոջերսը, պետական ծախսերի վերաբերյալ փաստաթուղթում արդեն անհնար է փոփոխություններ մտցնել։

«Օրինագծում որևէ փոփոխություններ մտցնելն այժմ փաստացի անհնար է։ Օգնության տրամադրման որոշումը պետք է ընդունի միջազգային հարցերով կոմիտեն խնդրի մանրամասն ուսումնասիրությունից հետո»,- ասել է Ռոջերսը լրագրողներին։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստացել էր պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր հարձակում են իրականացրել Լիբիայում ամերիկյան հյուպատոսության շենքի վրա։ Նա նշել էր, որ ԱՄՆ-ը խիստ քննադատում է ահաբեկչությունը, սակայն Ամերիկայի հարաբերությունները Լիբիայի հետ դրա պատճառով չեն տուժի։ Օբաման նաև կարգադրել էր ուժեղացնել ամերիկյան բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգության ռեժիմը։

Մեկնաբանել