Կառավարությունը փորձում է վերացնել «Եկամտային հարկի մասին» օրենքի կիրարկման ռիսկերը

Կառավարության՝ այսօր կայացած հերթական նիստին, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, հաստատվել է միջոցառումների ժամանակացույցը, որն անհրաժեշտ է 2013թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքը կյանքի կոչելու համար: Իր որոշմամբ գործադիրը մտադիր է հստակեցնել յուրաքանչյուր գերատեսչության անելիքն ու պատասխանատվության շրջանակն այս առումով, հաղորդում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ գործատուները պետք է բացառապես էլեկտրոնային եղանակով ներկայացնեն գրանցման հայտ և ամեն ամիս` անձնավորված հաշվարկ, որի մեջ պետք է արտացոլվեն ֆիզիկական անձանց վճարված եկամուտն ու դրանից հաշվարկված եկամտային հարկի չափը:

«Մենք ենթադրում ենք նաև բյուջետային հատկացումներ կատարել,- ասել է վարչապետը: -Մենք պայմանավորվել ենք, որ պետք է հնարավորություն տանք մեր քաղաքացիներին, որպեսզի նրանց էլեկտրոնային ստորագրության խնդիրը լուծենք: Պայմանավորվել ենք, որ բեռի մեծ մասը մեզ վրա ենք վերցնելու: Ֆինանսների, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները և Պետական եկամուտների կոմիտեն միասին պետք է այդ հաշվարկները կատարեն, որպեսզի դրանց հիման վրա քաղաքական որոշում ընդունենք օժանդակելու մեր քաղաքացիներին, որպեսզի նրանք հունվարի մեկից պատրաստ լինեն հաշվետվություն ներկայացնել էլեկտրոնային եղանակով»: