Դիոնիսոսի թատրոնը 2,5 հազ. տարի ընդմիջումից հետո կրկին կգործի

Հույն հնագույն դրամատուրգ Էսքիլեսի ստեղծագործությունները 2,5 հազ. տարի անց կրկին կբեմադրվեն Ակրոպոլիսի կողքին գտնվող Դիոնիսոսի թատրոնում: Կոմպոզիտոր և դաշնակահար Յորգս Կուրեպոսի բեմադրած «Երկխոսություններ» ներկայացման ընթացքում կընթերցվեն հատվածներ «Գամված Պրոմեթևսից», կկատարվեն կոմպոզիտորներ Յանիս Քսենակիսի, Վիվալդիի և Գլյուկի ստեղծագործություններից:

Սեպտեմբերի 22-ին կայանալիք համերգի կազմակերպիչն է Աթենքի Երաժշտության պալատը:

Կենտրոնական հնագիտական խորհրդի պահանջով՝ հանդիսականների թիվը սահմանափակ է լինելու՝ 500-ից ոչ ավել, սակայն կազմակերպիչները վստահեցնում են, որ մեկժամյա համերգը հնարավոր կլինի լսել նաև հեռավորության վրա: Հնագիտական գոտու մուտքը տոմսերով է լինելու:

Դիոնիսոսի թատրոնն աշխարհի հնագույն թատրոններից է. այն կառուցվել է մ.թ.ա. 6-րդ դարում՝ 15 հազ. հանդիսականի համար: Ի դեպ՝ 2009-ին սկսված վերանորոգման ավարտից հետո հունական իշխանությունները մտադիր չէին թատրոնն իր նշանակությամբ օգտագործել:

Մեկնաբանել