Որքան «աննորմալ», այնքան հաջողակ․ հոգեբանները՝ ԱՄՆ-ի նախագահների մասին

Հայտնի է, որ խոշոր քաղաքական գործիչներ, որպես կանոն, դառնում են արտասովոր ունակություններ ունեցող մարդիկ։ Դժվար է պատկերացնել ոչնչով աչքի չընկնող մարդուն պետության ղեկավարի պաշտոնում։ Հետազոտողները կարծում են, որ որքան շատ հոգեկան շեղումներ ունի նախագահը, այնքան նա ավելի հաջողակ է, գրում է ամերիկյան Time պարբերականը։

Բանավեճերի թեժ պահին քաղաքական գործիչները երբեմն միմյանց հոգեկան հիվանդ են անվանում։ Որքան էլ զարմանալի է, այդ մեղադրանքներն ամենևին էլ անհիմն չեն․ համաձայն հետազոտության, որը հրապարակել է ամերիկյան Journal of Personality and Social Psychology պարբերականը, ԱՄՆ-ի նախագահների մեծ մասը հոգեկան շեղումներ է ունեցել։ Ընդ որում՝ ինչպես նշում են հետազոտության հեղինակները, որքան ավելի ուժեղ են արտահայտված եղել այս կամ այն քաղաքական գործչի մոտ հոգեկան անհավասարակշռության գծերը, այնքան ավելի լավ է նրան հաջողվել կատարել իր պարտականությունները։

Ամերիկացի հոգեբաններն այսպիսի եզրակացության են հանգել՝ համադրելով ԱՄՆ-ի նախագահների հոգբանական նկարագրերը նրանց քաղաքական ձեռքբերումների ցուցակի հետ։ Աստղաշերտավոր մայրցամաքի կառավարիչների մեծ մասին միավորող հոգեկան անհավասարկշռության գլխավոր գծերից մեկը գիտնականներն անվանում են «գերիշխելու անվախ ձգտումը»։ Կարճ ասած՝ դա նշանակում է խիզախության ու սեփական արարքների համար պատասխանատվության համադրում։

ԱՄՆ-ի ամենահաջողակ նախագահները շատ ավելի քիչ են մտահոգվել սեփական կյանքի համար, քան սովորական քաղաքացիները։ Նրանք նաև չեն զգացել այն տագնապները, որոնք ուղեկցում են մեզանից շատերին կյանքի ամբողջ ընթացքում։ Առանց այդ գծի՝ քաղաքական գործիչները չէին կարողանա աշխատել Սպիտակ տանը, որտեղ սթրեսային իրավիճակը պահպանվում է օրական 24 ժամ։

Հոգեբանները ներկայացնում են ԱՄՆ-ի «ամենաաննորմալ անվախ» նախագահների վարկանիշը՝ Թեոդոր Ռուզվելտ, Ջոն Ֆ․ Քենեդի, Ֆրանկլին Դելանո Ռուզվելտ, Ռոնալդ Ռեյգան և Բիլ Քլինթոն։ Առավել զարգացած «անվախ գերիշխանության» տեր նախագահների տասնյակը եզրափակում է Ջորջ Բուշ Կրտսերը։ Հեղինակները կարծում են, որ նրա դեպքում անվախությունը հասնում էր անխոհեմության, ինչի պատճառով ԱՄՆ-ի նախորդ նախագահն իր կառավարման ընթացքում թույլ է տվել մի շարք լուրջ սխալներ։

Հետազոտողները հավելում են, որ բացի «աննորմալ խիզախությունից»՝ ԱՄՆ-ի նախագահների մոտ ուժեղ զարգացած է եղել ալտրուիզմի (այլասիրության) զգացումը․ նրանք հաճախ սեփական բարօրության մասին մտածել են վերջին հերթին։ Բացի այդ՝ ԱՄՆ-ի նախագահներն ունեցել են «աննորմալ» ինքնազսպում՝ փորձելով ցանկացած իրավիճակում պահպանել սառնասրտություն։