Արմեն Գևորգյանը Աշխաբադում կմասնակցի ԱՊՀ տնտեսական խորհրդի 55-րդ նիստին

ՀՀ փոխվարչապետ, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գևորգյանն այսօր մեկնել է Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադ` մասնակցելու ԱՊՀ տնտեսական խորհրդի 55-րդ նիստի աշխատանքներին, հաղորդում են տարածքային կառավարման նախարարության մամուլի ծառայությունից:

Խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված են ԱՊՀ մասնակից երկրների տնտեսական փոխգործակցության տարբեր ոլորտներին վերաբերող երկու տասնյակից ավելի հարցեր:

Մասնավորապես՝ կքննարկվեն ԱՊՀ ինովացիաների և արտոնագրերի բանկի ստեղծման, Ուկրաինայի Չոպե քաղաքում միջազգային առևտրացուցահանդեսային «Չոպինթրեյդէքսպո» կենտրոնի ստեղծման մասին որոշման նախագծերը: Նիստում կքննարկվեն նաև 2013-2014 թթ. ԱՊՀ մասնակից երկրների հումանիտար համագործակցության ոլորտում առաջնային միջոցառումների ծրագրի նախագիծը և մի շարք այլ հարցեր:

Նշենք, որ սեպտեմբերի 11-ին Հայաստանի Ազգային ժողովը վավերացրել է 2011 թվականի հոկտեմբերի 18-ին Սանկտ-Պետերբուրգում ստորագրված «Ազատ առևտրի գոտու մասին» պայմանագիրը, որը մինչ ստորագրումը քննարկումներ էր անցել ԱՊՀ տնտեսական խորհրդում: