Բանկերը դատի են տվել Դուբայի շեյխի ընկերությանը

Բրիտանական Royal Bank of Scotland-ը (RBS), գերմանական Commerzbank-ը և հարավաֆրիկյան Standard Bank-ը դատի են տվել Դուբայի կառավարիչ, շեյխ Մուհամադ բն Ռաշիդ ալ Մաքթումի Dubai Group-ին։ Ֆինանսական կազմակերպությունները պահանջում են վճարել $10 մլրդ-ի չափով պարտքերը։ Այս մասին գրում է բրիտանական Financial Times պարբերականը՝ վկայակոչելով բանկերի համատեղ հայտարարությունը։

Reuters-ը, վկայակոչելով սեփական աղբյուրները, հաղորդում է, որ հայցը ներկայացվել է Լոնդոնի դատարան։ Բանկերի շահերը ներկայացնելու է SNR Denton փաստաբանական գրասենյակը, Dubai Group-ի պաշտպանությամբ զբաղվելու է Clifford Chance-ը։

Բանկերը որոշել են դիմել դատարան պարտքի վերակառուցման մասին երկարատև բանակցություններից հետո, որոնք հաջողությամբ չեն պսակվել։ Ինչպես նշվում է հայցվորների հայտարարությունում, արաբական ընկերությանն առաջարկվել է վերակառուցման մի քանի տարբերակ, սակայն դրանցից ոչ մեկը չի արժանացել Dubai Group-ի հավանությանը։

Dubai Group-ը մտնում է Dubai Holding-ի՝ շեյխ Ալ Մաքթումի ներդրումային ընկերության մեջ։ Անցյալ տարի վարկատուները, որոնց թվում էր նաև RBS-ը, ստորագրել էին համաձայնագիր Ալ Մաքթումի մեկ այլ ընկերության՝ Dubai World-ի $25 մլրդ պարտքի վերակառուցման մասին։

Dubai World-ը 2009թ․ վերջին վարկատուներին խնդրել էր հետաձգել պարտքերի վճարումը։ Այս իրադարձությունը խուճապ էր առաջացրել ֆոնդային շուկաներում, քանի որ ներդրողները չէին ակնկալում ֆինանսական դժվարություններ բարեկեցիկ էմիրությունում։ 2009թ․ վերջին Դուբայի պարտքերը կազմում էին մոտ $80 մլրդ, որից Dubai World-ին բաժին էր ընկնում մոտ $60 մլրդ-ը։