Աշխարհը գլոբալ է, և վտանգն էլ է դառնում գլոբալ. իսլամագետը ԱՄՆ պետդեպի զգուշացման մասին

Եգիպտոսում և Լիբիայում ԱՄՆ դեսպանությունների վրա վերջին հարձակումներից հետո ԱՄՆ պետքարտուղարությունը օտարերկրյա պետություններում, այդ թվում Հայաստանում, գտնվող բոլոր ամերիկյան քաղաքացիներին նախազգուշացրել է զգոն լինել և հետևել իրավիճակի զարգացումներին: Թե ինչու է ԱՄՆ-ը նման զգուշացում ուղարկում իր բոլոր դեսպանություններին, ՍիվիլՆեթը փորձել է պարզել արաբագետ, իսլամագետ Հայկ Քոչարյանից:

-Պարոն Քոչարյան, տարօրինակ չէ՞, արդյոք, որ ԱՄՆ-ը զգուշացնում է բոլոր երկրներում գտնվող իր քաղաքացիներին, երբ ԱՄՆ քաղաքացիների համար ակնհայտորեն վտանգավոր են իսլամադավան երկրները և ոչ Հայաստանի նման երկրները:

-Վերջին շրջանի հակաամերիկյան ցույցերը‚ ինչը Բենղազիում հանգեցրեց դեսպանի և դեսպանատան երեք աշխատակիցների սպանությանը, իսկապես հավելյալ զգուշության պատճառ է, և Միացյալ Նահանգները փորձում է ապահովել իր քաղաքացիների և դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգությունը, ուր էլ որ դրանք լինեն: Հաշվի առնելով այն հանգամանքը‚ որ բողոքի ցույցերի պատճառը, ըստ ամենայնի, կապված է Մուհամեդ մարգարեի մասին ոչ հարգալից ֆիլմի նկարահանման հետ‚ կարելի է ենթադրել‚ որ անվտանգության միջոցառումները պետք է ընդգրկեին միայն մուսուլմանական բնակչություն ունեցող պետությունները: Սակայն մյուս կողմից աշխարհը գլոբալ է և վտանգն էլ է դառնում գլոբալ:

-Նախօրեին ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունների վրա հարձակումները հիշեցրին մի քանի տարի առաջ դանիական թերթում Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակումից հետո աշխարհի տարբեր վայրերում հարձակումները Դանիայի դեսպանությունների վրա: Ընդհանրություն կա՞ այս իրողությունների միջև:

-Ընդհանրությունները վերաբերում են միայն բողոքը հարուցող պատճառներին:

-Առհասարակ, ո՞րն է բացատրությունը, որ իսլամական հասարակություններում այդպես հիվանդագին են արձագանքում նման երևույթներին:

-Պետք է հասկանալ մի պարզ սկզբունք‚ որ յուրաքանչյուր անկեղծ մուսուլման‚ ինչպես նաև յուրաքանչյուր բարոյական մարդ չի կարող և չի հանդուրժում‚ երբ ոտնահարվում են բազիսային արժեքները‚ որի վրա խարսխված է իր աշխարհընկալումը: