ՀԱԿ-ը ԱԺ ղեկավարությունից պահանջում է ապահովել խորհրդարանական ելույթների ամբողջական հեռարձակում

Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել, որում ԱԺ գործող ղեկավարությունից պահանջում է անհետաձգելի միջոցներ ձեռնարկել խորհրդարանական հայտարարություններն ու կառավարության հետ հարցուպատասխանն ամբողջությամբ համահանրապետական հեռուստատեսային եթեր հեռարձակելու համար:

«Ազգային ժողովի 2012թ. սեպտեմբերի 12-ի լիագումար նիստի՝ պատգամավորական հայտարարությունները և կառավարության հետ հարցուպատասխանը Հանրային հեռուստաընկերության «Խորհրդարան» հաղորդմամբ եթեր հեռարձակվեցին ոչ ամբողջությամբ, էական կրճատումներով: Հաղորդումից դուրս են մնացել գործող իշխանությունների և կառավարության համար առավել տհաճ, սուր հարցադրումներ պարունակող դրվագները: Այսպիսով տեղի է ունեցել «ԱԺ Կանոնակարգ» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ կետերի բացահայտ խախտում: ԱԺ կանոնակարգի նշված դրույթները ԱԺ հայտարարություններն ու հարցուպատասխանը ամբողջությամբ ցուցադրելու իմպերատիվ պահանջ են պարունակում:

«Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցությունը տեղի ունեցածը գնահատում է որպես ընդդիմությանն ու լայն հանրությանը տեղեկատվական շրջափակման մեջ պահելուն ուղղված քաղաքականության հերթական աղաղակող դրսևորում: Չխորշելով օրենքի կոպտագույն խախտումներից՝ իշխանություններն անում են ամեն ինչ, որ հանրությունը օբյեկտիվ տեղեկատվություն չստանա Հայաստանի հասարակական, քաղաքական, տնտեսական կյանքում տեղ գտած կարևորագույն իրադարձությունների մասին:

«Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցությունը ԱԺ գործող ղեկավարությունից պահանջում է անհետաձգելի միջոցներ ձեռնարկել 2012թ. սեպտեմբերի 12-ի խորհրդարանական հայտարարություններն ու կառավարության հետ հարցուպատասխանը «ԱԺ կանոնակարգ» օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի պահանջներին համապատասխան ամբողջությամբ համահանրապետական հեռուստատեսային եթեր հեռարձակելու, և հետագա հայտարարությունների և հարցուպատասխանների բնականոն և ամբողջական հեռարձակումը հեռուստաեթերում ապահովելու համար»,- ասված է ՀԱԿ-ի տարածած հաղորդագրությունում:

Ավելի վաղ Հանրային հեռուստառադիոընկերությունը հաղորդագրություն էր տարածել, որում պարզաբանել էր «Հայկական ժամանակ» օրաթերթի սեպտեմբերի 13-ի հրապարակումը, ըստ որի՝ Հանրայինը ԱԺ նիստերը հեռարձակելիս սեպտեմբերի 12-ին դուրս էր թողել ՀԱԿ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի և Հրանտ Բագրատյանի ելույթները:

Հանրայինը նշել էր, որ հեռուստաընկերությունն, օգտվելով իր խմբագրական ազատությունից, «իր նախաձեռնությամբ հեռարձակում է իր կողմից պատրաստված հաղորդումները ՀՀ ԱԺ նիստերի, պատգամավորների հարցուպատասխանների և հայտարարությունների վերաբերյալ, որում ներառվում են բոլոր քաղաքական խմբակցությունները ներկայացնող տարբեր պատգամավորների ելույթներն ու հայտարարությունները, իսկ Հանրային ռադիոընկերությունն իր նախաձեռնությամբ ԱԺ նիստերը հեռարձակում է ամբողջ ծավալով՝ ուղիղ եթերում»:

Մեկնաբանել