Սաֆարովի ազատ արձակումը հակասում է միջազգային կոնվենցիայի ոգուն. ԵԽ-ը բանաձևն ընդունեց

Եվրախորհրդարանը Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշումը դատապարտող բանաձևն ընդունեց`այդ քայլը դիտարկելով որպես վարքագիծ, որը կարող է առավել սրել հայ – ադրբեջանական լարվածությունը, խորացնել անարդարության զգացումն ու անջրպետը երկու ժողովուրդների միջև: Եվրոպական խորհրդարանում այսօր ընդունված բանաձևը հեղինակել են խորհրդարանի հինգ ամենամեծ խմբակցությունները։

Պատգամավորները հիշեցրել են, որ Սաֆարովը տարիներ առաջ ընդունել է մեղքը, սակայն ոչ թե ափսոսանք է հայտնել, այլ`արդարացրել է իր այդ քայլը` հիմնավորելով, թե զոհը հայ էր. հենց այդ հանգամանքի «շնորհիվ էլ» ներում է ստացել անմիջապես Ադրբեջան հասնելուն պես։

«Սաֆարովի ազատ արձակումը հակասում է դատապարտված անձանց էքստրադիցիայի մասին միջազգային կոնվենցիայի ոգուն, քանի որ ներումը խախտել է Հունգարիայի իշխանություններին տրված դիվանագիտական երաշխիքները», – նշվում է բանաձևում:

Դատապարտելով հանցագործի հերոսացումը, նրան մայորի կոչում տալը, 8 տարվա աշխատավարձ վճարելը` պատգամավորները նշել են, որ սա կարող է օրինակ դառնալ ապագա սերունդների համար։ «Եվրախորհրդարանը մտահոգված է, քանի որ այս քայլը վտանգի տակ է դնում հաշտեցմանն ուղղված գործընթացները և կարող է սասանել նաև ապագայում ժողովուրդների միջև դեմ առ դեմ շփման հնարավոր զարգացումները»:

Եվրախորհրդարանի բանաձևում նշվում  է, որ եվրոպացի օրենսդիրները աջակցություն են հայտնում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի, Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության, Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցչի և Եվրամիության անդամ երկրների` տարածաշրջանում լարվածությունը թուլացնելուն ուղղված ջանքերին: