ՕԵԿ-ը վերջնականապես վերակազմավորվել է

Այսօր տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի հերթական նիստը` կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ: ՕԵԿ քաղխորհուրդն ամփոփել է 2012թ. սեպտեմբերի 9-ին ՀՀ-ում անցկացված Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կուսակցության արձանագրած արդյունքները. այս մասին տեղեկանում ենք ՕԵԿ մամուլի հաղորդագրությունից:

«Մասնավորապես, «Օրինաց երկիր» կուսակցությունը ՏԻՄ ընտրություններում առաջադրել էր 11 համայնքի ղեկավարի թեկնածու, որոնցից 10-ը ընտրվել են: Քաղխորհուրդը քննարկեց նաև սեպտեմբերի 23-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընթացիկ նախապատրաստական աշխատանքները, որում «Օրինաց երկիր» կուսակցությունը ևս առաջադրել է համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուներ:

Քաղխորհուրդը քննարկեց և հաստատեց ՕԵԿ մարզային և տարածքային կառույցների, ինչպես նաև Երիտասարդական և Կանանց Միությունների ձևավորմանն ու գործունեությանն առչվող կազմակերպչական հարցեր: Արձանագրվեց, որ վերջնականապես ավարտին է հասցվել կուսակցության վերակազմավորման աշխատանքները:

ՕԵԿ քաղխորհուրդը, ի թիվ այս հարցերի, քննարկեց կուսակցական կազմակերպչական և ներքաղաքական այլ հարցեր ևս»,- նշված է հաղորդագրության մեջ: