Հյուսիս-հարավը մայրուղի դուրս եկավ

Մոտ չորս տարի ուշացումով երեկ տրվեց «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի շինաշխատանքների հանդիսավոր մեկնարկը։

Ծրագրի իրականացումը ձգձգել է ոչ միայն կառավարությունը, այլև կապալառու ընկերությունը։ Խնդիրներն այսքանով չեն ավարտվում. ռիսկային է նախագծի իրականացման հետագա ընթացքը։

Սեպտեմբերի 13-ին Երևան-Արարատ ճանապարհահատվածի սկզբնամասում տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի և իսպանական Corsan Corviam Construccion S.A ընկերության նախագահ Ֆրանսիսկո Գարսիա Մարտինի ներկայությամբ տրվեց «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի շինաշխատանքների պաշտոնական մեկնարկը։

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանի խոսքով՝ այս ծրագրով կառուցվելիք ճանապարհը Հայաստանի հարավային դարպասը՝ Մեղրին կկապի Վրաստանի սևծովյան նավահանգիստների հետ՝ Հայաստանը վերածելով տարանցիկ երկրի։ «Սա կբարձրացնի Հայաստանի տարածաշրջանային դերն ու նշանակությունը»,– նշել է Հովսեփյանը:

Ըստ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի՝ այս ծրագրով ստեղծվելու է 1000-ից ավելի աշխատատեղ, շինարարության ընթացքում օգտագործվելու է բացառապես հայկական հումք, ներկրվելու է միայն տեխնիկա, որը Հայաստանում չկա։

Ռիսկերը չեն վերացել
Ճանապարհային միջանցքի շինաշխատանքները ոչ միայն ուշացումով են սկսվել, այլև առկա են նախատեսված ժամկետներում աշխատանքներն ավարտելու ռիսկեր։ Խնդիրն այն է, որ «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի 82 կմ բետոնյա ծածկով Երևան-Արարատ, Երևան-Աշտարակ և Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի կապալառու իսպանական Corsan Corviam Construccion S.A ընկերությունը շինաշխատանքները խոստացել էր սկսել մայիսի վերջին։ Հիշեցնենք՝ ապրիլի 27-ին կառավարության հետ պայմանագրի ստորագրումից հետո Corsan Corviam Construccion S.A-ի նախագահ Ֆրանցիսկո Գարսիա Մարտինը վստահեցնում էր, որ 82 կմ ճանապարհահատվածի վերակառուցման և կառուցման աշխատանքները կսկսվեն մոտ մեկ ամիս հետո։ Ըստ էության՝ աշխատանքները սկսվում են խոստացված ժամկետից 4 ամիս անց։

Համաձայն Հայաստանի կառավարության և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) միջև կնքված «Տրանշ-1» և «Տրանշ-2» պայմանագրերի՝ Երևան-Աշտարակ (երկարությունը՝ 11,7 կմ) և Երևան-Արտաշատ (երկարությունը՝ 19,6 կմ) ճանապարհահատվածներում վերականգնողական աշխատանքները պետք է ավարտվեն 2013թ., իսկ Աշտարակ-Թալին ճանապարհատվածի (երկարությունը՝ 41,9 կմ) վերակառուցումը՝ 2014թ. դեկտեմբերին։ Եվ սա այն դեպքում, երբ իսպանական ընկերությունը խոստացել է Երևան-Աշտարակ և Երևան-Արտաշատ հատվածները կառուցել և վերակառուցել 18 ամսում (այսինքն՝ 2014թ. սկզբներին), իսկ Աշտարակ-Թալինը՝ 36 ամսում (2015թ. աշնանը)։ Պայմանագրերում նախանշված ժամկետներից շեղումն ակնհայտ է։

Խնդրահարույց է նաև Երևանի քաղաքապետարանի որդեգրած քաղաքականությունը։ Բանն այն է, որ «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքով անխափան երթևեկությունն ապահովելու համար պետք է կառուցվի Երևանը շրջանցող ճանապարհ։ Այդ նպատակի համար 2011թ. մայիսին ԱԶԲ-ն հաստատել է $48,64 մլն վարկային միջոցների հատկացումը՝ «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային» ծրագրի իրականացման համար։ Հենց այս ծրագրի շրջանակում պետք է կառուցվեն Նորագավիթը շրջանցող՝ Արտաշատի խճուղի-Շիրակի փողոց, Արգավանդի խճուղի-Շիրակի փողոց, և Թամանցիների փողոց հատվածները։ Երևանի քաղաքապետարանը, սակայն, չի շտապում սկսել նախապատրաստման, մասնավորապես՝ գերակա շահ ճանաչված տարածքների իրացման աշխատանքները։

Ռիսկեր 3-րդ տրանշի համար
Ռիսկային է նաև ծրագրի հետագա ընթացքը։ Այս տարվա նոյեմբերի վերջին ԱԶԲ տնօրենների խորհուրդը պետք է քննարկի Հայաստանին «Տրանշ-3»-ով $160 մլն միջոցների հատկացման հարցը։ «Օրակարգի» աղբյուրները նշում են, որ այդ և չորրորդ տրանշի հատկացումը կախված է առաջին երկու տրանշներով նախատեսված աշխատանքների կատարողականից, ինչպես նաև 3-րդ և 4-րդ տրանշներով նախանշվող աշխատանքների նախապատրաստման ընթացքից։

Տրանսպորտի և կապի նախարարության կայքէջում զետեղված տեղեկատվության համաձայն՝ «Տրանշ-3-ով, որի վարկային համաձայնագիրը դեռևս չի ստորագրված, նախատեսվում է Թալին-Գյումրի 45,567 կմ ճանապարհահատվածի վերակառուցում:

Ներկայում վերոհիշյալ ճանապարհահատվածների նախագծերը, ներառյալ՝ Տրանշ-3-ի մրցութային փաթեթը, պատրաստ են»:

Չնայած տրանսպորտի և կապի նախարարության այս պնդմանը՝ «Օրակարգի» աղբյուրները նշում են, որ պատրաստ է միայն նախագիծը, մրցութային փաթեթն իրականում գտնվում է նախապատրաստման փուլում։

Ծրագրի ընթացակարգն այնպիսին է, որ տրանսպորտի և կապի նախարարությունը, մինչև ԱԶԲ-ի կողմից վարկային միջոցների հաստատումը, կարող է պատրաստել մրցութային փաթեթը, հայտարարել մրցույթը և նույնիսկ ընտրել հաղթող ընկերությանը՝ գործընթացը համաձայնեցնելով բանկի հետ։

Նախարարությունը այս տարին ըստ էության ապարդյուն է ծախսել և միայն նոյեմբերին է պատրաստվում սկսել բանակցությունները ԱԶԲ-ի հետ։ Հաշվի առնելով ժամանակը, որը ծախսվելու է հատկացվելիք երրորդ տրանշի պայմանագրի վավերացման, բոլոր ընթացակարգային հարցերը համաձայնեցնելու, միջազգային մրցույթ հայտարարելու, հայտերի ընդունման, դրանց ուսումնասիրության, շինարարական ընկերության ընտրության և վերջինիս կողմից Հայաստանում գործունեություն ծավալելու պատրաստման համար, բուն շինաշխատանքները լավագույն դեպքում հնարավոր կլինի սկսել միայն գալիք տարվա երկրորդ կեսին։ Նշենք, որ նախարարության օպերատիվ աշխատանքի դեպքում դրանք հնարավոր կլիներ սկսել արդեն 2013թ. գարնանը։ Թալին-Գյումրի ճանապարհահատվածի հարցում կառավարության նման սպասողական կեցվածքը, ամենայն հավանականությամբ պայմանավորված է մտավախությամբ, թե ԱԶԲ տնօրենների խորհուրդը կարող է և չհաստատել «Տրանշ-3»-ի $160 մլն-ի հատկացումը։

Մեկնաբանել