Հանրայինը՝ հանրության դեմ

Հանրային հեռուստառադիոընկերությունը հաղորդագրություն է տարածել, որով պարզաբանում է ներկայացնում, թե ինչու նախօրեին Ազգային ժողովի նիստերը հեռարձակելիս դուրս է թողել ՀԱԿ-ի խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի և Հրանտ Բագրատյանի ելույթները: Հայտարարության մեջ հղում անելով օրենքներին ու ՀՀ Սահմանադրությանը՝ փորձ է արվում արդարացնել այսպես ասած «խմբագրական միջամտությունը»:

Եթե Հանրային հեռուստաընկերությունը վայելեր հասարակության լայն խավերի վստահությունը և աչքի ընկած լիներ իր անաչառությամբ, այդ պարագայում գուցե հնարավոր լիներ հավատալ պարզաբանումներին: Սակայն հարկատուների հաշվին գոյատևող, այդ նույն հարկերից աշխատավարձ ստացող Հանրայինի խմբագրակազմը առնվազն բարոյական իրավունք չունի հասարակությանը զրկել իր կողմից ընտրված պատգամավորիների խոսքին հասու լինելու իրավունքից:

Եթե նույնիսկ մի պահ ընդունենք, որ այդ հեռուստաընկերությունը իրավունք ուներ խմբագրական միջամտություն թույլ տալու խորհրդարանի նիստը հեռարձակելու առումով, ապա այդ ինչպե՞ս է ստացվում, որ տարօրինակ զուգադիպությամբ մոնտաժվում են երկու ընդդիմադիր պատգամավորների ելույթների ամենասուր և կառավարության հասցեին քննադատություն պարունակող հատվածները: Եթե Հանրայինի խմբագրակազմը, ինչ-ինչ ազնիվ մղումներից դրդված, իրեն թույլ է տալիս խմբագրական միջամտություն անել, ապա այդ դեպքում ինչո՞ւ չեն մոնտաժվել, ասենք, հանրապետական պատգամավորների այն ելույթները, որոնք, ձանձրույթից բացի, ուրիշ ոչ մի տպավորություն չեն թողնում: Հայտնագործություն արած չենք լինի, եթե ասենք, որ Հանրայինը ուղղակի պարտավոր է խոսքի իրավունք տալ քաղաքական տարբեր բևեռների ներկայացուցիչներին, առավել ևս, որ այդ ուժերը ներկայացված են խորհրդարանում:

Առանց որևէ լուրջ փաստարկներ բերելու կարելի է պնդել, որ ՀԱԿ-ի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի և Հրանտ Բագրատյանի ելույթները Հանրայինի եթերից դուրս թողնելը ոչ թե խմբագրական միջամտություն է, այլ սովորական գրաքննություն:

Չնայած այն բանին, որ Հանրայինը մինչ այս դեպքն էլ ունեցել էր բավականաշատ նման նախադեպեր, սակայն նման երևույթները հնարավորինս նվազեցնելու կամ կանխելու համար անհրաժեշտ է պատասխանատվության ենթարկել գրաքննություն իրականացնողներին: Իսկ քանի որ վստահությամբ կարող ենք ասել, որ որևէ պետական մարմին պատասխանատվության չի կանչելու գրաքննիչ խմբագրապետներին, ուստի պետք է հրապարակային դժգոհության ալիք բարձրացնել հասարակության գումարներով սնվող, սակայն հասարակությանը անընդհատ մոլորեցնող հեռուստաընկերության դեմ: