Ազգայնականության վարկաբեկում

Ազգայնականությունը վերջին երեք հարյուրամյակում մարդկության վրա ազդած ամենա հզոր զգացմունքն է: Ազգային պետությունների ստեղծումից ի վեր այս զգացմունքը մարդկային պատմության հիմնական լոկոմոտիվն է եղել:

Վերջին երեք դարերի ընթացքում մարդն իրեն ավելի շատ նույնացրել է ազգի հետ, ազգային ինքնությունը եղել է ամենատարածվածը մարդկային իդենտիկություններից:

Ազգայնականությունը, հատկապես քսաներորդ դարում, բավական ծայրահեղ դրսևորումներ է ունեցել, ազգերի հոմոգենացման պրոցեսն ուղեկցվել է ցեղասպանություններով, կոտորածներով, դեպորտացիաներով, էթնիկ զտումներով, ձուլմամբ:

Ազգային զգացումները զսպելու տարբեր մեխանիզմներ են կիրառվել, հաճախ բռնի եղանակներով, ինչը, սակայն, արդյունք չի տվել, պայթել է մեծ հզորությամբ: Դրա վառ օրինակը Խորհրդային Միությունն է:

Այսօր աշխարհը մեկ կենտրոնի ենթարկելու, պետությունները մասնագիտացված ծառայություններին հանձնելու գործընթացի ամենամեծ հակառակորդը ազգայնականությունն է: Բոլոր այն ուժերը, որոնք ձգտում են իրենց պետության  հզորացմանը, ազգային տնտեսության ստեղծմանը, պարտքերի կրճատմանը, ազգային նպատակների առաջմղմանը, հայտնվում են աշխարհը կառավարել ձգտող ուժերի թիրախում: Տեղի է ունենում ազգայնական ուժերի վարկաբեկման գործընթաց: Չնայած սրան՝ հատկապես ճգնաժամերի պարագայում ազգայնականության զգալի աճ է նկատվում:

Վերջին տարիներին ազգայնականության վարկաբեկման լուրջ գործընթաց է սկսվել նաև Հայաստանում: Սա արտահայտվում է քվազի-ազգայնական ուժերի ստեղծմամբ, այս ուժերի կողմից հասարակության վրդովմունքը կամ ծաղրն առաջացնող գործողություններով:

Ամենա հզոր ազգայնական քաղաքական ուժը՝ Հայ հեղափոխական դաշնակցությունը, նույնպես ճգնաժամ է ապրում: Կուսակցության այսօրվա ղեկավարությունն ամբողջովին շեղվել է կուսակցության սկզբունքներից և ծրագրից, կուսակցությունը վերածել ազգայնական զգացմունքները չարաշահող և ապա վաճառքի հանող կազմակերպության: Սրա հետևանքը Դաշնակցության վարկանիշի շեշտակի անկումն է, ինչն առավել լավ երևաց Երևանի ավագանու և ՀՀ վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Դաշնակցության ղեկավարության առևտրական բնույթը է՛լ ավելի ընդգծվեց Արցախի նախագահի ընտրություններում այս կուսակցության դիրքորոշման հետ կապված:

Մեկնաբանել