Երբ լռությունը ոսկի է

Հայաստանի կողմից ձեռք բերվող ռուսական գազի գնի շուրջ անորոշությունները չեն վերանում։ «Օրակարգի» տեղեկություններով՝ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը ներքին օգտագործման փաստաթղթերում Ռուսաստանի ներկրվող 1000 խմ գազի գինը նշում է $219, մինչդեռ հանրությանը հայտարարում է $180 գնի մասին։

«Օրակարգի» հարցմանը, թե ինչով է պայմանավորված, որ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը՝ ի դեմս նախարար Արմեն Մովսիսյանի, հայտարարում է, որ ռուսական գազը ձեռք է բերում $180-ով, այնինչ Պետեկամուտների կոմիտեի վիճակագրական տվյալներով՝ այս տարվա առաջին կիսամյակում 1000 խմ ռուսական գազի մաքսային արժեքը կազմել է $219, ՊԵԿ-ից առաջարկեցին այդ հարցով դիմել էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն։

Հայաստանի կառավարությունում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ որևէ գերատեսչություն ի վերջո չի հստակեցնում Հայաստանին առաքվող ռուսական գազի գինը։ Երկու պետական կառույցներ՝ ՊԵԿ-ը և էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը, հանրությանը ռուսական գազի տարբեր գներ են ներկայացնում։

Էներգետիկայի ոլորտում «Օրակարգի» աղբյուրների փոխանցմամբ՝ քանի որ գազը հանդիսանում է ռազմավարական նշանակության ապրանք, նրա համար սահմանին, ի տարբերություն այլ ապրանքների, մաքսային մարմինների կողմից ԱԱՀ չի գանձվում. «ՀայՌուսգազարդը» ԱԱՀ վճարում է ներքին շուկայում իրացումից հետո։ ՊԵԿ-ը, իր վիճակագրական ցանկում ներկայացնելով գազի մաքսային արժեքը ($219/1000՝ խմ-ի համար), պարզապես օգտվել է էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տրամադրած տեղեկատվությունից։

Ստացվում է, որ Հայաստանի համար, ինչպես բազմիցս հայտարարվել է, ռուսական գազը թանկացել է, բայց կառավարությունն այդ փաստը ամեն կերպ փորձում է քողարկել. ներքին շրջանառության համար օգտագործվում է մեկ գին, իսկ հանրությանը ներկայացվում է մեկ այլ թիվ: Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության այս գործելաոճը վկայում է, որ այս տարի Հայաստանի համար Ռուսաստանը բարձրացրել է գազի գինը: «Օրակարգն» արդեն գրել է, որ կառավարությունը նախատեսում է ռուսական գազի գնի փոփոխությունը սուբսիդավորել «Գազպրոմին» «ՀայՌուսգազարդում» իր 20% մասնաբաժնի մի մասի փոխանցման ճանապարհով։ Այդ եղանակով կառավարությունը ցանկանում է մինչև նախագահական ընտրությունները՝ 2013թ. փետրվար, չթույլատրել վերջնական սպառողների համար սակագների փոփոխություն։

Հաշվի առնելով նախորդ տարվա ծավալները և այս տարվա առաջին կիսամյակի միտումները՝ մոտավոր հաշվարկներով՝ մինչև 2013թ. ապրիլի 1-ը փոխհատուցման համար կառավարությանն անհրաժեշտ է լինելու ընդհանուր առմամբ $90 մլն, որից այս տարվա համար՝ $54 մլն: Հաշվարկներից երևում է, որ կառավարությունն ամբողջովին կարող է փոխհատուցել այդ գումարները՝ «Գազպրոմին» հանձնելով «ՀայՌուսգազարդի» իր մասնաբաժնի 12%-ը, ինչի արդյունքում նրա մասնաբաժինը կնվազի մինչև 8%: