Ֆինանսների փոխնախարարը մշակույթի պակաս է նկատում

Հայաստանում իրականացվող կենսաթոշակային բարեփոխումների շրջանակում դեռևս անցած տարի պետք է ներդրվեր կամավոր կուտակային համակարգը։ Առ այսօր ֆոնդերի կառավարիչներ չեն գրանցվել, և կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգ, որպես այդպիսին, չկա։ Ըստ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանի՝ կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգի դանդաղ ներդրման պատճառը հասարակության մոտ կամավոր կուտակային մշակույթի բացակայությունն է։

ՍիվիլՆեթին մեկնաբանելով կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգում ներկայում ստեղծված իրավիճակը՝ փոխնախարարը նշեց, որ այդ համակարգի ներդրման ուղղությամբ իրականացվել են մի շարք քայլեր, առկա է օրենսդրական դաշտ։ «Մարդիկ կամավոր կուտակային համակարգին դիմում են այն դեպքում, երբ նրանց տարեկան եկամուտը կազմում է $10-15 հազ., մինչդեռ Հայաստանում մեկ շնչին բաժին ընկնող տարեկան եկամուտը $3 հազ-ից ցածր է»,– ասաց փոխնախարարը:

Ըստ Արամյանի՝ կենսաթոշակային ֆոնդերի ստեղծման շուրջ դեռ բանակցություններ են ընթանում։ «Ֆոնդերի մասով երեք մեխանիզմ է աշխատում. կամավոր կենսաթոշակ, սահմանված կենսաթոշակներ և սահմանված վճարներ։ Սահմանված վճարները կապվում են ֆոնդերի հետ և ֆոնդերի կառավարիչների հետ»,– նշեց Արամյանը՝ մանրամասնելով, որ ֆոնդի կառավարիչները հակված չեն գալ Հայաստան և ծախսեր կատարել՝ ֌10 կամ ֌100 մլն միջոցներ կառավարելու համար:

«Երբ 2014-ից հետո ներդրվի պարտադիր կուտակային համակարգ, Հայաստանի տնտեսության մեջ միանգամից ՀՆԱ-ի մոտավորապես 1%-ի չափով՝ մոտ ֌40 մլրդ-ի խնայողություն կձևավորի: ֌40 մլրդ-ն արդեն լուրջ թիվ է, և այդ պայմանով նրանք հակված կլինեն համագործակցության»,– ասաց ֆինանսների փոխնախարարը՝ հավելելով, թե այս հարցի շուրջ արդեն նախնական պայմանավորվածություններ կան։ «Կարծում եմ՝ 2013թ. ընթացքում մենք արդեն կտեսնենք ակտիվների նոր կառավարիչների»,– նշեց Արամյանը:

Նշենք, որ չնայած կամավոր և պարտադիր կուտակային համակարգերի միջև առկա տարբերությունների՝ կամավոր համակարգի ներդրումը և մեկ օր շուտ գործարկումը հնարավորություն կտա վեր հանել խնդիրները ոլորտում, մասնավորապես՝ օրենսդրական մակարդակում։ Չափազանց կարևոր է, որ մինչև պարտադիր կուտակային համակարգի ներդրումը (2014թ.) բացահայտվեն հնարավոր ռիսկերը, և առաջարկվեն լուծումներ։ Պարտադիր կուտակային համակարգը վերաբերում է հասարակության լայն զանգվածների, իսկ արդյունքները տեսանելի են լինելու միայն 30 տարի անց։ Սա նշանակում է, որ հիմքում թույլ տրված բացթողումները կբացահայտվեն միայն 30 տարի հետո:

Օվսաննա Գևորգյան