Ինչու նախկին նախագահի գրասենյակը պետք է արձագանքի

Ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովի ատահանձնման շուրջ բարձացված դժգոհությանը ալիևյան կողմը հակադարձեց Վարուժան Կարապետյանով, որը երկար տարիներ կրելով իր պատժաժամկետը, 2001թ. ներման արժանացավ, ազատ արձակվեց և  Ֆրանսիայից տեղափոխվեց Հայաստան:  Ի դեպ, արդարության համար հարկ եմ համարում նշել, որ այս «փայլուն» մտքի հեղինակը հայկական մեր հայտնի կայքերից մեկն էր, որ առանց դեպքի մանրամասների մեջ մտնելու, հարկ համարեց առաջինը  Վարուժան Կարապետյանի դեպքը համեմատել Ռամիլ Սաֆարովի արտահանձնման հետ: Հասկանալի է, որ դրսի քարոզչամեքենային լծված մեր որոշ լրատվամիջոցներ ջանք ու եռանդ  չեն խնայում իրենց նվիրվածությունը կաթնատու ֆոնդերի հանդեպ  ապացուցելու համար: Անհասկանալին պետական մարմինների լռությունն է:

Սեպտեմբերի 12-ին Իլհամ Ալիևը ԵԱՀԿ դեսպանների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, թե 2001թ. Հայաստանի նախագահը ներում է շնորհել Ֆրանսիայում ցմահ բանտարկության դատապարտված և նույն թվականին Հայաստանին արտահանձնված հայ ահաբեկիչ Վարուժան Կարապետյանին: Մեզ համար արդեն վաղուց նորություն չեն Ալիևի զառանցանքները, բայց նման զառանցանքը՝ այն էլ օտարերկրյա դիվանագետներին մոլորեցնելու ակնհայտ միտումով արված, պետք է արժանանար արագ արձագանքի: Բնականաբար արձագանքը չպետք է հնչեր ՀՀ նախագահի և ոչ էլ նրա աշխատակազմի որևէ աշխատակցի անունից: Ալիևի համար դա չափազանց մեծ պատիվ կլիներ: Բայց այն, որ անդրադարձ պետք է լիներ թեկուզ ԱԳՆ մամուլի խոսնակի մակարդակով, աներկբա է: Նրանց փոխարեն դա արեց  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը , գուցե դրանով անուղղակիորեն հասկացնելով, որ դա ոչ թե իր, այլ պետության անելիքն է: Գրասենյակի հաղորդագրությունում ասվում էր. «Հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը: Խոսքն այն ժամանակ Լիբանանի քաղաքացի Վարուժան Կարապետյանի մասին է, որը 2001թ. ոչ թե արտահանձնվել է, այլ ներում է ստացել Ֆրանսիայի իշխանությունների կողմից և միայն դրանից հետո է տեղափոխվել Հայաստան` մշտական բնակության»:

Առաջին հայացքից կարծես թե ամեն ինչ ճիշտ է ասված և տեղին, բայց հարց է առաջանում՝ ինչո՞ւ է արձագանքում նախկին նախագահի գրասենյակը: Նախագահի փոփոխությամբ  երկիրը չի փոխվում: Ցանկացած հաջողություն, ինչպես նաև բացթողում, անկախ նրանից ում օրոք է եղել, երկրինն է: Եվ հենց այս տեսանկյունից է, որ  արձագանքը պետք է հնչեր պետության, այլ ոչ թե նախկին նախագահի գրասենյակի  անունից:

Օրեր առաջ, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել էր ԵԱՀԿ երկրների դեսպաններին, հստակ արտահայտեց իր վրդովմունքը Հայաստանին և Ադրբեջանին նույն հարթության վրա դնելու միջազգային կառույցների մոտեցման վերաբերյալ, մինչդեռ իրենք իրենց ձեռքով են նույնն անում՝ թույլ տալով Ադրբեջանի նախագահին նույնացնելու իրար հետ համեմատության ոչ մի եզր չունեցող երկու դեպքերը: Դրանով իսկ նպաստում են, որ Ալիևը ոչ միայն սեփական հասարակությանը, այլև արդեն միջազգային հանրությանը մանիպուլյացիայի ենթարկի:

Հետևաբար, նախագահ Սարգսյանը լավ կաներ, որ միջազգային կառույցներին ինչ-որ բան սովորեցնելուց առաջ, նախ սովորեցներ սեփական դիվանագիտներին:

Բերանդ ջուր առնելով, ստացվում է, որ մենք ինքներս ենք համաձայն  ալիևյան բարբաջանքներին և մեր լռությամբ հավասարության նշան ենք դնում կամ, որ ավելի վատ է, հասկացնում ենք՝ իր ժամանակ է եղել, թող ինքն էլ պատասխանի:

Կարեն  Մելքոնյան