Շրջել մոլորակը

2012թ. առաջին կիսամյակում միջազգային զբոսաշրջիկների թիվը 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 5%-ով կամ 22 մլն-ով՝ կազմելով 467 մլն մարդ։ Այս մասին ասված է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության «Համաշխարհային զբոսաշրջության բարոմետր» զեկույցում։ Ըստ կազմակերպության փորձագետների՝ ընթացիկ տեմպերի պահպանման դեպքում մինչ տարեվերջ միջազգային զբոսաշրջիկների թիվը կգերազանցի 1 մլրդ-ը։ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը նույն ժամանակահատվածում ավելացել է 5,1%-ով։

«Տնտեսական ներկայիս անորոշության պայմաններում զբոսաշրջությունը գլոբալ տնտեսության սակավաթիվ ճյուղերից է, որն ակտիվորեն զարգանում է՝ ապահովելով այնքան անհրաժեշտ աշխատատեղեր»,– հայտարարել է կազմակերպության ղեկավար Թալեբ Ռիֆային Չինաստանի Մակաո քաղաքում այս օրերին ընթացող Զբոսաշրջության համաշխարհային ֆորումում։ Ռիֆային պետություններին կոչ է արել ապահովել ոլորտի զարգացմանն անհրաժեշտ բոլոր պայմանները, այդ թվում՝ վերացնել այցագրերի տրամադրման հետ կապված խոչընդոտները։

Համաձայն զեկույցի՝ այս տարվա առաջին կեսին զբոսաշրջիկների համար գրավիչ են եղել Հարավային և Հարավարևելայն Ասիայի երկրները։ Դեպի այս տարածաշրջաններ զբոսաշրջիկների հոսքն ավելացել է 9%-ով։ Եվրոպան շարունակում է մնալ ամենից շատ այցելու ունեցող աշխարհամասը՝ չնայած եվրոգոտու պարտքային ճգնաժամին։ Այս տարվա առաջին կիսամյակում Կենտրոնական և Արևելյան Եվրոպա այցելած զբոսաշրջիկների թիվն ավելացել է 7%-ով, Արևմտյան Եվրոպա՝ 5%-ով։

Ըստ զեկույցի՝ բնակչության մեկ շնչին բաժին ընկնող զբոսաշրջության վրա կատարվող ծախսերի ցուցանիշով առաջատարը Չինաստանն է։ Ընդ որում՝ անցած տարվա առաջին կիսամյակի համեմատ չինացիները 30%-ով ավելացրել են ծախսերը։ Ռուսաստանցիները զբոսաշրջության վրա կատարվող ծասխերն ավելացրել են 15%-ով, ամերիկացիները՝ 9%-ով, գերմանացիները՝ 6%-ով, ճապոնացիները՝ 8%-ով։ Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, Իտալիայում, Ֆրանսիայում և մի շարք այլ երկրներում արտերկրյա ճանապարհորդությունների համար կատարվող ծախսերը կա՛մ աննշան են ավելացել, կա՛մ ընդհանրապես աճ չեն գրանցել։

Ըստ Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2012թ. առաջին կիսամյակում Հայաստան է ժամանել 281 հազ. զբոսաշրջիկ, ինչը 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 5,1%-ով։ Այս տարվա առաջին կեսին զբոսաշրջության նպատակով Հայաստանից մեկնել է 302 հազ. մարդ, աճն անցյալ տարվա համեմատ կազմել է 9,3%։ Հայաստան այցելած զբոսաշրջիկների 20,5%-ը ԱՊՀ երկրներից են, 36,9%-ը՝ ԵՄ-ից, 42,6%-ը՝ այլ երկրներից: