Ֆիննախի պարզաբանումը

Ֆինանսների նախարարությունը պարզաբանում է ներկայացրել «Օրակարգի» սեպտեմբերի 13-ի «Աճը խթանել է չզբաղվածությունը, ֆինանսների նախարարի պնդումը չի բռնում ԱՎԾ տվյալներին» հրապարակման վերաբերյալ: Նշենք, որ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը սեպտեմբերի 12-ին Ազգային ժողովում հայտարարել էր, որ Հայաստանում տնտեսական աճի և մյուս մակրոտնտեսական ցուցանիշների միջև առկա է համադրելիություն: Նախարարության պարզաբանումը ներկայացված է ստորև:

«Որքան էլ թվացյալ գրավիչ է սեպտեմբերի 13-ին «Օրակարգ» թերթում և ՍիվիլՆեթ ինտերնետային կայքում հրապարակված հոդվածի վերնագիրը, այնուհանդերձ չենք կարող արձանագրել, որ այն ճշմարտացի է:

Հարկ ենք համարում մեկ անգամ ևս մեջբերել աշխատաշուկայի վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարի սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԺ-ում հնչեցրած խոսքերը. «Չի կարելի ասել, որ գործազրկության էական նվազում կա, բայց թեթևակի նվազում կա»: Այսինքն՝ խոսքը վերաբերել է գործազրկությանը, այլ ոչ թե զբաղվածությանը. ըստ ԱՎԾ հրապարակումների՝ «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2012թ. հունվար-հուլիսին» 2012թ. մարտի վերջի դրությամբ պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը կազմել է 65,4 հազ., իսկ արդեն հուլիսի վերջի դրությամբ՝ 63,7 հազ.՝ կրճատվելով 1,7 հազ-ով՝ նախորդ տարվա 0,5 հազ-ի դիմաց: Ի դեպ՝ այս միտումը առկա է ոչ միայն հուլիսի, այլ նաև նախորդ ամիսների կտրվածքով:

Հեղինակի կողմից ներկայացված են զբաղվածության հաշվարկները, որոնք կարող են որոշակիորեն շեղվել գործազրկության միտումներից: Այնուամենայնիվ, չմանրանալով հեղինակի հաշվարկներում, ըստ որի զբաղվածների թիվը 2012թ. առաջին եռամսյակում կրճատվել է 24 հազ-ով, միայն նշենք, որ եթե հեղինակն ուսումնասիրեր նաև զբաղվածությունն ըստ տնտեսական գործունեության առանձին տեսակների, ապա կնկատեր, որ միայն պետական կառավարում, կրթություն, առողջապահություն, սոցիալական անհատական ծառայություններում (նշված ոլորտի մասնաբաժինը ՀՆԱ-ում կազմում է շուրջ 10%) գրանցվել է զբաղվածության կրճատում շուրջ 29,6 հազ-ով: Սա ավելին է, քան հեղինակի հաշվարկած կրճատված զբաղվածների թվաքանակը: Հետևաբար, եթե դիտարկենք ՀՆԱ-ի աճի տեսանկյունից, ապա մասնավոր հատվածի համար կարելի է ենթադրել, որ առկա է զբաղվածության թեթևակի աճ:

Իհարկե, միայն մեկ եռամսյակի վերաբերյալ տվյալներ ունենալով՝ զբաղվածության միտումների մասին դատողություններ անելը ժամանակավրեպ է, այն էլ այն պարագայում, երբ այդ թվերը նախնական են և հենվում են տնային տնտեսության հետազոտությունների վրա, իսկ մյուս կողմից՝ տնտեսությունում գրանցվում է տնտեսական աճի արագացում 2012թ. առաջին եռամսյակի նկատմամբ»: