ՄԱԿ-ի հատուկ բանագնացը հանդիպել է Սիրիայի արտգործնախարարին

ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ)՝ սիրիական ճգնաժամի կարգավորման հարցերով հատուկ բանագնաց, ալժիրցի դիվանագետ Լախդար Բրահիմին ժամանել է Սիրիա։ Սա նրա առաջին այցն է այս երկիր սեպտեմբերի 1-ին հատուկ բանագնացի պաշտոնը ստանձնելուց հետո, հաղորդում է Reuters-ը։

Դամասկոսում Բրահիմին հանդիպել է Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալլեմին։ Ինչպես հաղորդում է SANA պետական գործակալությունը, ալժիրցի դիվանագետի բանակցությունները Սիրիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հետ եղել են «կառուցողական և համապարփակ»։

Մուալլեմը նշել է, որ Սիրիայի իշխանությունները պատրաստ են համագործակցության, սակայն դեմ են արտաքին միջամտությանը։

Սիրիայի արտգործնախարարն ասել է, որ ՄԱԿ-ի և ԱՊԼ հատուկ բանագնացին անհրաժեշտ է առաջին հերթին մի շարք երկրների (որոնք վստահել են նրան և հավանություն են տվել նրա առաքելությանը) համոզել «հրաժարվել պարտակչության քաղաքականությունից, ահաբեկչական խմբավորումներին ֆինանսական և այլ աջակցության ցուցաբերումից»։

Մուալլեմի խոսքով՝ «ցանկացած խաղաղարար նախաձեռնության ուղեցույցը պետք է լինեն սիրիացի ժողովրդի շահերն ու նրա անկախ որոշումը՝ առանց արտաքին միջամտության»։ Բրահիմին Սիրիայի արտգործնախարարությունից դուրս է եկել՝ առանց որևէ հայտարարություն անելու։

Այսօր Բրահիմիի բանակցությունները Սիրիայի ղեկավարության հետ շարունակվելու են։ Ակնկալվում է, որ մինչև շաբաթվա վերջ հատուկ բանագնացը բանակցություններ կիրականացնի Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ։

Մեկնաբանել