Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Կիպրոսի նախագահին

Հայ-կիպրական հարաբերությունները կարելի է օրինակելի որակել փոխըմբռնման և փոխադարձ վստահության բարձր մակարդակով: Այսպիսի հայտարարություն են արել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Կիպրոսի նախագահ Դեմիտրիս Խրիստոֆիասը Նիկոսիայում կայացած հանդիպման ընթացքում, հաղորդում են արտգործնախարարության մամուլի ծառայությունից:

Սեպտեմբերի 13-ին մեկնարկել է Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Եվրոպական միությունում նախագահող Կիպրոս: Նիկոսիայում արտգործնախարարին ընդունել է նախագահ Դեմիտրիս Խրիստոֆիասը:

Հանդիպման մասնակիցները նշել են, որ վերջին տարիներն առանձնացել են Հայաստանի և Կիպրոսի միջև շփումների ինտենսիվությամբ,  երկկողմ հարաբերությունները որակապես նոր մակարդակի վրա են բարձրացվել, և առկա է երկուստեք պատրաստակամություն դրանք առավել ամրապնդելու և խորացնելու համար:

Խրիստոֆիասը հանգամանալից ներկայացրել է կիպրական հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա վիճակը: Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Կիպրոսի կառուցողական մոտեցումը և նախաձեռնությունները՝ ուղղված կիպրական հիմնախնդրի լուծմանը, և ափսոսում է, որ թուրքական կողմը պատշաճ կերպով չի արձագանքում այդ նախաձեռնություններին:  Այս համատեքստում նախարարը կարևորել է անցած տարի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Նիկոսիա պետական այցելության շրջանակում ընդունված համատեղ հռչակագիրը, որտեղ ամրագված է փոխադարձ աջակցությունը կիպրական և ղարաբաղյան հիմնախնդիրների կարգավորման վերաբերյալ միմյանց մոտեցումներին:

ԵՄ-ում Կիպրոսի նախագահության համատեքստում անդրադարձ է արվել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը, Ասոցիացման համաձայնագրի շուրջ բանակցություններին, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման գործընթացին, խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրի բանակցություններին:

Էդվարդ Նալբանդյանը Կիպրոսի ղեկավարին է ներկայացրել հունգարա-ադրբեջանական գործարքի հետևանքով ադրբեջանցի մարդասպանի ազատ արձակումից հետո ստեղծված իրավիճակը:

Նույն օրը երեկոյան Էդվարդ Նալբանդյանը Նիկոսիայի Hilton Park հյուրանոցում մասնակցել է Հայաստանի անկախության 21-ամյակի և Հայաստանի ու Կիպրոսի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի կապակցությամբ տեղի ունեցած ընդունելությանը: