Հռոմի պապը եռօրյա այցով մեկնել է Լիբանան

Այսօր սկսվում է Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի եռօրյա առաքելական այցը Լիբանան։ Լիբանանի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ երկրում ձեռնարկվել են պապի և նրան ուղեկցող անձանց անվտանգության ապահովման աննախադեպ միջոցառումներ։ Չնայած հարևան Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմով պայմանավորված լարվածությանը՝ կիրակնօրյա պատարագին կմասնակցի նվազագույնը 500 հազ․ հավատացյալ (Լիբանանից, Սիրիայից, Հորդանանից, Իրաքից), հաղորդում է Euronews-ը։

Լիբանանում 13 քրիստոնեական համայնք կա։ Լիբանանի քրիստոնյա մարոնիների պատրիարք Բեշարա առ Ռաին նշել է, որ Հռոմի պապի այցը Սուրբ հող ծառայում է՝ որպես արաբական երկրներում խաղաղության և նրանցում քաղաքական ու սոցիալական բարեփոխումների անհրաժեշտության կոչ։

Ակնկալվում է, որ իր ելույթում Պապը միջազգային հանրությանը կոչ կանի վերջ դնել Սիրիայում քաղաքացիական պատերազմին։ Այսպիսի կոչով նա հանդես էր եկել հուլիսին․ այդ ժամանակ Բենեդիկտոս 16-րդը Սիրիայի հարևաններին կոչ էր արել օգնել սիրիացի փախստականներին։

Նաև ակնկալվում է, որ այցի ընթացքում Պապը կանդրադառնա Մերձավոր Արևելքում քրիստոնյաների ներկայության նվազման թեմային, նշում է BBC-ն։

Բենեդիկտոս 16-րդը հանդիպելու է Լիբանանի կառավարությանը, ինչպես նաև մուսուլմանական համայքների առաջնորդներին։ Լիբանանը Մերձավոր Արևելքի միակ պետությունն է, որի Սահմանադրությունում ամրագրված է բազմադավանությունը։

Մեկնաբանել