Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում փուչիկների գործով դատական նիստը հետաձգվել է մինչև սեպտեմբերի 28-ը։
Դատավարությունը կընթանա արագընթաց կարգով։ Նման միջնորդություն է ներկայացրել գործով միակ ամբաստանյալը՝ փուչիկները լիցքավորած Սերոբ Բոզոյանը։ Այսօրվա նիստում նա հայտնել է, որ իր առողջական վիճակը վատ է, և ինքը կարիք ունի հանրային պաշտպանի:
Դատարան ներկայացել էին 228 տուժողներից 13-ը։
Հիշեցնենք, որ Սերոբ Բոզոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի երկրորդ մասով՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, ինչն անզգուշությամբ վնաս է պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը:
Երևանի Հանրապետության հրապարակում մայիսի 4-ի ՀՀԿ նախընտրական զանգվածային միջոցառման ընթացքում գազալիցքավորված փուչիկների պայթյունի և հրդեհ էր տեղի ունեցել։ Հրդեհի հետևանքով միջոցառման մասնակիցները ստացել էին տարբեր աստիճանի այրվածքներ և մարմնական վնասվածքներ։