Մեկնարկում է դուդուկի փառատոնը

Սեպտեմբերի 14-ին՝ ժ.19:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում անցկացվող Դուդուկի համահայկական փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: Փառատոնի նախավերջին փուլում ելույթ կունենան անվանի դուդուկահարներ Արգենտինայից, Վրաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից և այլ երկրներից: Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի այգում դուդուկի արձան կտեղադրվի:

Ապրիլին մեկնարկած «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը, որը տևում է մի քանի ամիս, այս տարի անցկացվում է չորս փուլով, որոնց շրջանակներում հանդես են գալիս անհատ կատարողներ, պարախմբեր և երգչախմբեր աշխարհի տարբեր երկրներից: «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը կեզրափակվի հոկտեմբերի 4-6-ը կայանալիք Լրագրողների համահայկական VI համաժողովով:

Մեկնաբանել