Ջավախահայությունը զրկված է ընտրական գործընթացներին լիարժեք մասնակցելու հնարավորությունից. «Երկիր» միություն

«Երկիր» միությունը հայտարարություն է տարածել Ջավախքում ընթացող ընտրական գործընթացի վերաբերյալ: Նրանում մասնավորապես ասված է. «2012թ. հոկտեմբերի 1-ին Վրաստանի տարածքում, այդ թվում՝ հայաբնակ Ջավախքում, կայանալու են խորհրդարանական ընտրություններ։

Ընտրական գործընթացը Ջավախքում անցնում է վրացական իշխանությունների կողմից ջավախքահայության քաղաքական և քաղաքացիական իրավունքների ոտնահարման հետևողականորեն իրականացվող քաղաքականության պայմաններում։ Մասնավորապես՝ առ այսօր ուժի մեջ է տարածաշրջանային հիմքի վրա քաղաքական կազմակերպություններ ստեղծելու վրացական օրենսդրական արգելքը։ Այդ պատճառով հայ բնակչության շահերը ներկայացնող ջավախքյան քաղաքական կուսակցությունները զրկված են գրանցվելու և ընտրություններին մասնակցելու իրավունքից։

Վրացական ուժային կառույցների ուղղակի և անուղղակի ճնշումների, սպառնալիքների, շինծու քրեական գործեր հարուցելու և հեռակա դատավարություններ անցկացնելու արդյունքում 2008-ից առ այսօր տասնյակ ջավախքահայ քաղաքական ակտիվիստներ ստիպված էին հեռանալ իրենց հայրենիքից և/կամ դադարեցնել իրենց քաղաքական գործունեությունը։

Քաղաքական հալածանքների զոհ են դարձել Ջավախքում գործող «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի անդամները։ Կառույցի առաջնորդ` Վահագն Չախալյանը, շինծու մեղադրանքների հիման վրա դատապարտվել է տասը տարի ազատազրկման, կազմակերպության մի շարք այլ ակտիվիստներ` տարբեր ժամկետների ազատազրկման։

Վրացական իշխանությունների վերոնշյալ գործողությունների արդյունքում Ջավախքի բնակչությունն այսօր, ըստ էության, որևէ հնարավորություն չունի լիարժեք մասնակցելու ընտրական գործընթացներին, զրկված է ազատ, արդար և մրցակցային ընտրությունների միջոցով իր քաղաքական կամքն արտահայտելու և ապագան կերտելու իրավունքից։

Այնուամենայնիվ, անգամ իմիտացիոն բնույթ կրող ընտրական այս գործընթացի պայմաններում ջավախքահայությունը պետք է օգտագործի իր տրամադրության տակ գտնվող բոլոր լծակները իր առջև ծառացած քաղաքական, քաղաքացիական, կրոնական, լեզվական, կրթական և մշակութային խնդիրների լուծումը պահանջելու համար։ Ջավախքահայությունը պետք է պահանջի Ջավախքում առաջադրվող պատգամավորության բոլոր` և՛ իշխող, և՛ ընդդիմության թեկնածուներից, ինչպես նաև ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններից իրենց ծրագրերում ընդգրկել և ընտրվելու դեպքում ստանձնել հետևյալ հիմնական խնդիրների լուծումը.

1. Ջավախքում լարված քաղաքական իրավիճակի լիցքաթափման ուղղությամբ`

Ջավախքահայության հասարակական–քաղաքական կյանքի նկատմամբ վրաց ուժային կառույցների վերահսկողության վերացում,

Ջավախքահայ ազգային–քաղաքական գործիչների նկատմամբ հալածանքների դադարեցում,
Վահագն Չախալյանի և ջավախքահայ այլ քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակում,
2. Վրաստանի հայաբնակ շրջաններում ինքնակառավարման համակարգի կայացում, այդ թվում` ինքնակառավարման մարմինների լիազորությունների ընդլայնման միջոցով,
3. Ջավախքում հայոց լեզվին տարածաշրջանային լեզվի կարգավիճակի շնորհում,

4. Խորհրդային ժամանակաշրջանում բռնագրավված հայկական եկեղեցիների վերադարձ,
5. Կրթական ոլորտի խնդիրներ.

Ջավախքում հայալեզու ուսուցման հիմքի վրա դպրոցական համակարգի պահպանում,
Վրաստանի հայկական դպրոցներում հայերենի դասաժամերի ավելացում,
Ախալքալաքում հայ–վրացական համալսարանի բացում»։

Մեկնաբանել