ՀՀ և ԼՂՀ խորհրդարանական կուսակցությունների անդրանիկ կլոր սեղանին ՀԱԿ-ը հրավիրված չէ

Սեպտեմբերի 15-ին ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում Հայաստանի Հանրապետական կուսակցության նախաձեռնությամբ տեղի կունենա ՀՀ և ԼՂՀ խորհրդարանական կուսակցությունների անդրանիկ կլոր սեղանը` «Քաղաքական կուսակցությունները ժամանակակից ժողովրդավարական համակարգերում» թեմայով, հաղորդում են ՀՀԿ մամուլի ծառայությունից:

Կլոր սեղանին մասնակցելու են ՀՀԿ-ի, «Օրինաց Երկիր» կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «ժառանգություն» կուսակցության, Հայ Հեղափոխական Դաշնակցութան, Արցախի ժողովրդավարական կուսակցության, «Ազատ Հայրենիք» կուսակցության, ՀՅԴ Արցախի կառույցի պատվիրակությունները:

Հաղորդագրության համաձայն՝ կլոր սեղանի նպատակներն են քննարկել ժամանակակից քաղաքական կուսակցությունների դերը, նրանց գործունեության առանձնահատկությունները տեղեկատվական հասարակության մեջ, հայկական երկու պետությունների քաղաքական կուսակցությունների համագործակցության ուղիները, կուսակցությունների ներդրումը ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում, քաղաքական կուսակցությունների ներգրավումը արտաքին քաղաքականության օրակարգի մշակման և իրականացման գործում:

Կլոր սեղանը տեղի է ունենալու ԼՂՀ խորհրդարանի շենքում: Ողջույնի խոսքով հանդես կգա ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:

Մեկնաբանել