Պատերազմը հնարավոր եղավ կանխել

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի կարծիքով՝ Սաֆարովի օպերացիայի սցենարիստների նպատակն ի սկզբանե պատերազմի հրահրումն էր: ՍիվիլՆեթի հետ զրույցում նա ասում է, որ Հայաստանը ճիշտ է վարվել՝ որոշելով հարցը լուծել դիվանագիտական դաշտում:

-Պարոն Կարապետյա՛ն, վերջին շրջանում Դուք բավական ակտիվ եք Ֆեյսբուքում, և որքան հասկացա՝ նոր եք գրանցվել: Ինչու՞ որոշեցիք մտնել Ֆեյսբուք և ինչո՞վ է պայմանավորված Ձեր ակտիվությունն այնտեղ:

-Որպես քաղաքական հատկանիշ՝ սոցիալական կայքերը գտնվում են ռեյթինգային առաջին տեղում: Քաղաքական գործիչների շփումը հասարակության հետ մեծ մասամբ տեղի է ունենում Ֆեյսբուքում և այլ սոցցանցերում: Դա դարձել է ատրիբուտ, ինչպես օրինակ՝ ցույցերը: Ինչ վերաբերում է իմ գործունեությանը սոցցանցերում, ես ավելի շատ նպատակ ունեմ քաղաքական և վերլուծական բնույթի մտքեր փոխանակել: Ասեմ, որ հենց սկզբից Ֆեյսբուքը ինձ չսիրեց, քանի որ օրերս փակվել էր ընկերներ գտնելու իմ հնարավորությունը: Ի դեպ՝ բավական շատ ընկերներ ունեմ:

-Միտու՞մ եք տեսնում դրա մեջ:

– Չգիտեմ, միգուցե և այդպես: Ես այնքան էլ լավ չեմ տիրապետում այդ գործիքներին, գուցե ինչ-որ բան խախտել եմ ընկերներ ձեռք բերելու արագության տեսակետից:

– Սոցցանցերը վերածվում են լուրջ քաղաքական գործիքների, մասնավորապես՝ հեղափոխություն կամ իշխանափոխություն իրականացնելու առումով: Խոսքը Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի որոշ երկրների մասին է: Դուք որպես օգտատեր և փորձագետ, կարծում եք, որ իրո՞ք սոցցանցերն ունեն այդ դերը, և որքանո՞վ են ազդեցիկ դրանք Հայաստանում:

-Սկսեմ վերջից: Նմանատիպ գործընթաց Հայաստանում ես չեմ տեսնում, և այստեղ չի էլ կարող այդպես լինել: Ինչ վերաբերում է Մերձավոր Արևելքի գործընթացներին՝ քաջատեղյակ եմ դրանց, թույլ եմ տալիս այդպես ասել, քանի որ ուսումնասիրել եմ մինչև վերջին տառը: Կարող եմ ասել, որ նաև սոցցանցերն են օգտագործվել: Բայց պարզ է, որ հեղափոխությունները չեն կարող տեղի ունենալ միայն այնտեղ, որտեղ կան սոցցանցեր՝ անկախ կյանքի որակից կամ ժողովրդի մասնակցության մակարդակից, որովհետև, ընդհանուր առմամբ աշխարհի մասշտաբով Ֆեյսբուքում հավաքված է ինտելեկտուալ և որոշ չափով ապահովված զանգվածը: Այս առումով Հայաստանում նման գործընթաց թյուր եք պատկերացնում, դա այդպես չէ:

-Հենց Ֆեյսբուքում Դուք կիսվում էիք այսպես կոչված՝ Սաֆարովի գործի մասին տեղեկատվությամբ, մասնավորապես՝ հրապարակեցիք Հունգարիայի վարչապետ Օրբանի իսկական անուն-ազգանունը: Սաֆարովի հետ կապված ի՞նչ գիտեք, որ գուցե շատերը չգիտեն:

– Կարճ ներկայացնեմ՝ ինչու եմ ես դա անում: Ես կարծում եմ, որ Հայաստանը ունի մի քանի ճանապարհ նման գործընթացների դեմ պայքարելու համար: Ճանապարհներից մեկն այն է, ինչ մենք լսեցինք. «Գորիկ Գուրգենիչ, կգաք, ես Ձեզ հատուկ հանձնարարություն ունեմ տալու»: Չեմ կարծում, որ այդպես բացահայտ հայտարարելը ճիշտ է, և չի կարելի ներքին ռեյթինգի խնդիրը խառնել պետական գործունեության հետ: Երկրորդ ճանապարհն ավելի քաղաքագիտական է և ճիշտ: Աշխարհում դա շատ ընդունված է, և իմ ունեցած տեղեկատվության համաձայն՝ Վիկտոր Օրբանն այս ամենից անձնական օգուտ է ունեցել:

-Այսինքն՝ գումարային տեսքո՞վ:

– Այսինքն, սա արդեն հրապարակվել է, Օրբանն իր ակտիվի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ այս ամենն արվել է նաև Հունգարիայի բյուջեն լցնելու համար: Պարզ չէ՝ միայն Հունգարիայի բյուջե՞ն է լցվել, թե՞ նաև անձնական գրպանները, սակայն մենք սրա հետևից գնալու ենք: Ես արդեն գրել եմ, որ Սաֆարովի օպերացիայի ֆինանսական կողմն ուսումնասիրելիս շատ բաներ ենք իմանալու: Կարծում եմ՝ ճիշտը այս ճանապարհն է: Օրբանը արել է մի քայլ, որով վիրավորել է հայ ժողովրդին, ոչ թե հունգար ժողովուրդն է վիրավորել, այլ հենց Օրբանը:

-Այսինքն՝ Օրբանը հունգար ժողովրդի հետ կապ չունի՞, ինչպես Դուք եք նշել:

– Ես կարծում եմ՝ այնքանով, որքանով որոշ ղեկավարներ կապ ունեն իրենց ժողովուրդների հետ, ոչ միայն ազգակցական կապը նկատի ունեմ: Գիտեք՝ կան ղեկավարներ, որոնք իրենց ժողովրդից են սերում, և կան այնպիսիք, որոնք նշանակված են և վարում են ժողովրդի շահերից հեռու քաղաքականություն: Ես երկրորդն ավելի շատ նկատի ունեմ. մարդը քայլ է արել, որով վիրավորել է մեր ժողովրդին և նա գիտեր, որ դա կարող է վիրավորել հայերին:

-Նա նաև վիրավորել է եվրոպական արժեքները՝ եթե ավելի լայն իմաստով դատենք: Ձեր ասածից ես կարող եմ ենթադրել, որ օպերացիան նաև կոռուպցիոն գործարք է պարունակում իր մեջ, և Հունգարիան ու Եվրամիությունը տանելի են վերաբերվում այդ գործարքին: Դա ավելի շատ նո՞րմ է, թե՞ բացառություն:

-Նշեմ, համենայնդեպս դա են ինձ պատմում իմ հունգար ընկերները, որ Հունգարիան չի համակերպվում այս գործարքի հետ: Սա նաև դարձավ խթան, որ նախկին վարչապետը գործողությունների շարք նախաձեռնի. մեկշաբաթյա հացադուլ է հայտարարված այլ խնդիրներով՝ ներառյալ նաև այս հարցը, որ բացահայտվի, թե վերջ ի վերջո ինչ է տեղի ունեցել: Ասեմ ավելին՝ Օրբանը համարվում է Եվրոպայի Ուգո Չավեսը, քանի որ նրա տեսակետները միշտ իրարամերժ են եղել: Հիմա Ձեր հաղորդման համար էլ մի բան բացահայտեմ. Վիկտոր Օրբանը որպես Եվրամիության նախագահող երկրի ներկայացուցիչ եղել է Սլովենիայում և Սլովակիայում և պաշտոնական մամուլի ասուլիսի ժամանակ նկատի ունենալով Եվրամիությանը՝ շատ հետաքրքիր բան է ասել. «Ով է հաշվի առնում Սլովակիայի ներքին օրենքները և այն, թե դուք ինչ եք ուզում: Կարևոր է, թե մենք ինչ ենք ասում»: Դա սկանդալի պատճառ էր հանդիսացել: Այսինքն՝ մարդը սովոր է վիրավորել տարբեր ազգերի: Հավելեմ, որ մի քանի ամիս առաջ Հունգարիայում շատ մեծ ցույց էր եղել, որի ժամանակ ԵՄ-ն համեմատելով նախկին ԽՍՀՄ-ի հետ Օրբանը հայտարարել էր. «Թող Եվրամիությունը մեզ ոչինչ չթելադրի»: Նա ասել էր նաև. «Ոչ մեկը մեզ թող չսովորեցնի՝ մենք մեզ ինչպես պահենք, լինեն քաղաքակիրթ կոստյումներով մարդիկ, թե ուսադիրներով ռուս գեներալներ»: Ի դեպ՝ ԵՄ-ն վաղուց է ուզում ազատվել Օրբանից: Պատմեմ նաև այն մասին, թե երբ է սկսվել Օրբանի և Ադրբեջանի մերձեցումը: Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ ցանկանում է դուրս գալ Nabucco նախագծից, որի 16%-ը պատկանում է հունգարական MOL ընկերությանը: Հայտարարությունից հետո սկսվել են բանակցությունները ԵՄ կառույցների և Արժույթի միջազգային հիմնադրամի հետ՝ Հունգարիային շատ մեծ վարկ տրամադրելու վերաբերյալ: Շատ հետաքրքիր է, առաջին անգամ եմ սա պատմում, որ բանակցությունները սկսվել էին այս տարվա փետրվարին և պիտի ավարտվեին մայիսին, սակայն ոչինչ տեղի չի ունենում, և Հունգարիան վերջերս հայտարարում է, որ հրաժարվում է ստանալ վարկը Եվրամիության թելադրած պայմաններով: Իսկ պայմաններից մեկն այն էր, որ կառավարությունը չպետք է վերահսկի Կենտրոնական բանկը, ինչը հակասում է Օրբանի ընդունած օրենքին: Այս ամենը պատմում եմ, որպեզի ավելի հասկանալի լինի, թե ինչ պատահեց: Վարկ էին ուզում և հանկարծ հրաժարվում են դրանից: Կարելի է ենթադրել, որ ինչ-որ տեղից գումար ապահովվեց, ընդ որում՝ բավականաչափ մեծ գումար: Իմ կարծիքով՝ դա բաղկացած է եղել երկու մասից. մի մասը թերևս պետք է ներդրվի եվրոբոնդերի մեջ, մի մասն էլ երևի՝ անձնական նպատակների կծառայի: Դատելով նրանից, որ 2014թ. այնտեղ էլ են ընտրություններ, երևի փողի կարիք կլինի, այնպես, ինչպես Հայաստանում:

-Կուզեի խոսենք Հայաստանի արած գործողությունների և հնարավոր քայլերի մասին: Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի իշխանությունների գործողությունները, և ի՞նչ էր պետք անել կամ ի՞նչ է պետք հիմա անել:

– Ի դեպ՝ բուն օպերացիայի հայտարարությունից երկու օր առաջ Թեհրանի համաժողովին չմասնակցեցին ո՛չ Սարգսյանը, ո՛չ Ալիևը: Շատ հետաքրքիր էր, որ Ալիևը տարօրինակ կերպով երկօրյա այցով մեկնեց Մինսկ, որն ըստ էութայն ոչինչ չասող այց էր: Դա ևս քննարկման թեմա է՝ ի՞նչ կատարվեց այնտեղ: Թերևս Մինսկում ձեռք բերվեցին վերջին պայմանավորվածությունները: Ես միանգամից ստատուս գրեցի. մենք ունեինք երկու ճանապարհ, սակայն Սաֆարովի գործի սցենարիստները մեզ թողեցին մեկը, որն է՝ վիրավորված Հայաստանը մտնելու էր ոչ թե դիվանագիտական դաշտ, այլ հույզերի, քաղաքական դաշտ:

-Ինչը ենթադրում է ռազմական…

-Այո: Իմ և նաև սցենարիստների  կարծիքով՝ Հայաստանը կդադարեցներ անդամակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին, կճանաչեր Լեռնային Ղարաբաղը և դրանով ճանապարհ կբացեր Ադրբեջանի համար պատերազմ սանձազերծելու և տարածաշրջան խաղաղարարների մուտքն ապահովելու համար:

-Ո՞ր խաղաղարարների՝ ՆԱՏՕ-ի՞, ՄԱԿ-ի՞:

– Ես միանգամայն համոզված եմ, և կարող եմ հիմնավորել իմ խոսքերը, որ դրանք ՆԱՏՕ-ի խաղաղարարները կլինեին: Հայաստանը շատ ավելի ճիշտ դիրքորոշում որդեգրեց՝ մտնելով դիվանագիտական սկանդալի մեջ և ցույց տալով, որ ինքը վերջ ի վերջո պետություն է և կարող է քայլեր ձեռնարկել: Ըստ երևույթին՝ սցենարիստները չէին ակնկալում, որ Հայաստանը ինչ-որ կերպ իրեն կդրսևորի, բայց արի ու տես, որ դա տեղի ունեցավ: Հաջորդ քայլը, երբ Նալբանդյանը հայտարարեց, որ մենք չենք դուրս գալու բանակցություններից, նույնպես շատ ճիշտ էր և ժամանակին: Ես, լինելով իշխանություններին խիստ ընդդիմադիր, պետք է ընդունեմ ճշմարտությունը, քանի որ դրանով իսկ Հայաստանը կանխեց էլ ավելի սրացումը:

– Կարելի՞ է ասել, որ արդեն կանխված է Ձեր նշած սցենարի իրագործումը:

– Մենք ստանում ենք Հունգարիայի արտգործնախարարի նամակը, որը ևս մեկ անգամ ապտակ է հասցնում մեզ: Մեզ վրա են բարդում այն մեղքը, որն իրենք իրենց վրա պետք է վերցնեն: Ինչո՞ւ. որովհետև սցենարիստները ցանկանում են էլ ավելի սրել իրավիճակը. չէ՞ որ սրացումն է ի սկզբանե եղել իմաստը: Փաստ է, և ես պատրաստվում եմ սրա մասին Ֆեյսբուքում գրել, որ ամբողջ գործընթացն իր մեջ ներառում է ոչ միայն Ղարաբաղը, այլև Իրանի հետ կապված խնդիրները:

– Այսինքն, ամեն դեպքում Իրանն է խնդիրը:

– Միանշանակ, հենց Իրանն է: Ինչո՞ւ պետք է համաժողովի ժամանակ դա արվեր, որովհետև որքան էլ արևմտյան պետությունները փորձեցին փակել համաժողովը (չմիացած երկների համաժողովի մասին է խոսքը), 100-ից ավելի երկրներ մասնակցեցին, համաժողովին ժամանեց նաև Պան Գի Մունը, ինչը անակնկալ էր շատերի համար, նաև Եգիպտոսի նախագահը: Սա վկայում է այն մասին, որ Իրանը դեռևս ունի այդ դիվանագիտական հնարավորությունը: Կարծում եմ նաև, որ սցենարիստներն այս ամենն անելով՝ նկատի ունեն Իրանը: Դուք ինձ շատ կարևոր հարց տվեցիք՝ կանգնե՞լ է այս ամենը, թե՞ ոչ: Սաֆարովի օպերացիայով գուցե և մեզ հաջողվի կանգնեցնել գործընթացը, բայց պետք է նկատի ունենալ, որ թափանիվը գործի է դրված, և սցենարիստները կանգ չեն առնի ոչ մի բանի առաջ՝ պատերազմ հրահրելու համար:

-Այսինքն՝ պատերազմի հավանականությունն ավելի ու ավելի՞ է աճում:

– Արդեն աճել է, ռուսերեն ասած՝ запредельно, չափից ավելի: Ավելին ասեմ՝ Ադրբեջանում ներկա գործընթացները, որոնք մեզ մոտ ոչ ոք չի ուզում նկատել, նկատի ունեմ իսլամիզացիան, մեծ թափ է հավաքում: Ալիևը ստիպված է լինում շաբաթական երկու-երեք անգամ այցելել շրջաններ, որտեղ շատ լուրջ՝ պարսկական դերակատարությամբ, աճում է իսլամական գործոնը, հատկապես Աղդամի սահմանակից շրջաններում՝ Զաքաթալայում, Շեխիում և այլն:

-Սա փորձում են վերածել կրոնական կոնֆլիկտի՞ նաև: Ես լսել եմ Մենենդեսի գործողությունների մասին Ալիևի արձագանքը, որում նա նշել է, որ Մենենդեսն ունի հակաիսլամիստական, հակաադրբեջանական տրամադրություններ:

– Միանշանակ: Արևմուտքը շատ լավ հասկանում է, և կասկածից վեր է, որ իսրայելա-ադրբեջանական հարաբերությունները շատ մեծ թափ են հավաքում հենց իրանական խնդրի հետ կապված: Պարզ է, որ Իրանը ձեռքերը ծալած չի նստում և պարզ է, որ Սաֆարովի օպերացիայով փորձում էին հոգեբանորեն Ալիևի վարկանիշը բարձրացնել, որպեսզի ընտրությունների ժամանակ նա որևէ խնդիր չունենա, բացի այդ, կարողանա դիմակայել ներքին իրանամետ ուժերի մեծ աճին:

Զրուցեց Դերենիկ Մալխասյանը