Գովազդային շուկայում բացահայտվել են անբարեխիղճ մրցակցության դեպքեր

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն (ՏՄՊՊՀ) այսօրվա նիստում անբարեխիղճ գովազդի համար պատասխանատվության է ենթարկել «Հայր և որդի Մարտիրոսյաններ» ընկերությանն ու «Մանգո» հագուստի խանութների ցանցին։ Վերջինիս հայտարարած 50%-ը զեղչը, պարզվում է, չի համապատասխանել իրականությանը։

Հանձնաժողովն ուսումնասիրություններ է իրականացրել գովազդային շուկայում՝ բացառելու համար այնպիսի գովազդների տարածումը, որոնք նույն գործունեությամբ զբաղվող այլ տնտեսվարողների նկատմամբ պարունակում են անհարկի համեմատություններ կամ որակումներ։

Քարերի ներկրմամբ և իրացմամբ զբաղվող «Հայր և որդի Մարտիրոսյաններ» ընկերությունն իր գովազդային հոլովակում հայտարարում է, որ հավասար մրցակից չունի ոչ միայն Հայաստանում, այլև՝ տարածաշրջանում։ «Օրենքն արգելում է այնպիսի գովազդներ պատրաստումը, որը վերաբերում է այլ տնտեսվարողների դիրքի և նրանց արտադրած ապրանքների համեմատություններին»,- նշված է ՏՄՊՊՀ հաղորդագրությունում:

Մոտ երկու ամիս առաջ ուսումնասիրություն է սկսվել հագուստի մանրածախ վաճառքով զբաղվող առավել հայտնի և խոշոր խանութներում՝ հայտարարվող զեղչերի իսկությունը պարզելու նպատակով: «ՏՄՊՊՀ դիտարկումներով խախտում է արձանագրվել «Մանգո» անվանումով խանութների ցանցում: Վերոնշյալ խանութի ցուցափեղկին նշված է եղել 50% զեղչ ամբողջ տեսականու համար, սակայն ստուգման և հսկիչ գնման միջոցով պարզվել է, որ 50% զեղչը վերաբերում է ապրանքատեսականու միայն մի մասին: Ակնհայտ է, որ նման մեթոդով տնտեսվարողը փորձում է մոլորեցնել սպառողին»,- նշված է հաղորդագրությունում։

ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի խոսքով՝ ուսումնասիրություններն այս ոլորտում շարունակվում են, նոր բացահայտումների դեպքում դրանք ևս կներկայացնի հանրությանը: Շաբոյանը մանրածախ առևտրի կետերին կոչ է արել վերանայել իրենց վարքագիծը և աշխատել արդար մրցակցային կանոններով՝ խիստ պատժամիջոցներից խուսափելու համար:

ՏՄՊՊՀ-ի որոշմամբ՝ երկու իրավախախտումների դեպքում էլ կիրառվելու են խիստ պատժաչափեր՝ որպես կանխարգելիչ միջոցառում մյուս տնտեսվարողների համար: «Համաձայն օրենսդրական նոր փոփոխությունների՝ անբարեխիղճ մրցակցության դրսևորման դեպքում տուգանքի չափը հաշվարկվում է տնտեսվարողի տարեկան հասույթի հիման վրա: ՏՄՊՊՀ-ը դիմել է Պետական եկամուտների կոմիտե՝ այդ մասին տեղեկատվությունը ստանալու համար»,- նշված է ՏՄՊՊՀ հաղորդագրությունում:

Մեկնաբանել