Սուրեն Բարիի մենահամերգով եզրափակվեց «Անհատ կատարողների օրերը»

Օգոստոսի 17-ից սեպտեմբերի 13-ը ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» փառատոնի շրջանակներում անցկացվեց «Անհատ կատարողների օրեր» խորագրով համերգաշարը, որի ընթացքում Երևանում և մարզերում համերգներով հանդես եկան արտերկրում կայացած ու հռչակ ձեռք բերած հայազգի կատարողները: Այս օրերին Հայաստանում էին Սամվել Բարսեղյանը (Պորտուգալիա), Հակոբ Քոլանյանը (Հունաստան), Հենրիկ Կարապետյանը (ԱՄՆ), Սոնա Տալյանը (Գերմանիա), Տիգրան Մարտիկյանը (ԱՄՆ), Սուրեն Բարրին (Կանադա):

Համերգաշարը եզրափակեց Կանադայից ժամանած 22-ամյա Սուրեն Բարրին, որը վիրտուոզ կատարողի համբավ դեռևս 12 տարեկանում է ձեռք բերել:

Սուրեն Բարրին Հայաստանում ելույթ էր ունենում առաջին անգամ: Նա ներկայացրեց Բեթհովենի, Ռավելի, Շումանի և Առնո Բաբաջանյանի ստեղծագործություններից:

Մենահամերգի ավարտին «Իմ Հայաստան» փառատոնի ղեկավար Սամվել Հարոյանը ՀՀ սփյուռքի նախարարության հավաստագիր հանձնեց Սուրեն Բարրիին:

Նա ծնվել է 1990-ին՝ Մոնրեալում, երաժշտական կրթություն է ստացել նախ Գլեն Գուլդի անվան Թագավորական երաժշտական դպրոցում, ապա՝ Օտտավայի Քարտլոն համալսարանում: Սուրեն Բարրին մրցանակների և պատվոգրերի է արժանացել բազմաթիվ հեղինակավոր մրցույթներում ու միջազգային փառատոններում:

Մեկնաբանել