Գյուղվարկավորման սեգմենտում մրցակցությունը թույլ է. Աշոտ Օսիպյան

Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի բանկային համակարգի վարկային պորտֆելում չաշխատող վարկերի մասնաբաժինն ավելացել է 0,9 տոկոսային կետով՝ կազմելով 4,3%։ Մասնագետները պնդում են, որ սա մեծ թիվ չէ և բավական ցածր է այլ երկրների համանման ցուցանիշից։

Այս տարվա առաջին կիսամյակում բանկային համակարգի վարկային պորտֆելում «չաշխատող» վարկերի մասնաբաժնի ավելացումը պայմանավորված է ռիսկերով։ Այս մասին բանկային համակարգի կիսամյակային ցուցանիշների ներկայացման մամուլի ասուլիսին հայտարարեց Հայաստանի բանկերի միության նախագահ, «Արարատբանկի» վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը։ Նրա խոսքով՝ թեև չաշխատող վարկերի մասնաբաժինն ավելացել է, սակայն այն մեծ թիվ չի և բավական ցածր է այլ երկրների համանման ցուցանիշից։ Ըստ Օսիպյանի՝ այսօր աշխարհում վարկերի 10% չվերադարձելիության ցուցանիշը համարվում է լավ ցուցանիշ։ Հայաստանում չաշխատող վարկերի մասնաբաժին ընդհանուր վարկային պորտֆելում կիսամյակի վերջի դրությամբ կազմել է 4,3%։

Ըստ Օսիպյանի՝ այլ երկների փորձը ցույց է տալիս, որ բանկային համակարգում բարձր իրացվելիությունն և մրցակցությունը բերում են բանկերի կողմից ռիսկերի գնահատման թուլացման, ինչն իր հերթին կարող է բացասական ազդել վարկային պորտֆելի որակի վրա։ Հայաստանի բանկերի միության նախագահի խոսքով՝ բանկային համակարգի ռիսկերից են մրցակցության հետևանքով ռիսկերի գնահատման թուլացումը, վարկային ռիսկը, արտարժութային ռիսկը։

ՍիվիլՆեթ-ի հարցին, թե ինչո՞ւ առանձին բանկեր, օգտվելով գյուղացիների ֆինանսական գրագիտության ցածր աստիճանից, տրամադրում են արտարժույթով վարկեր և արտարժութային ռիսկերը փոխանցում նրանց ուսերին, Օսիպյանը նշեց, որ գյուղոլորտում իրականացվում է նաև դրամով վարկավորում՝ տարբեր միջազգային ֆինանսական ծրագրերով։ «Հայաստանում հաճախորդների պաշտպանության լուրջ ինստիտուտներ են ձևավորվել։ Չեմ կարծում, որ բանկը կգնա ինչ-որ մեկին «խաբելու» ճանապարհով։ Ոչ մի բանկ նման քայլի չի գնա, քանի որ նա հետագայում կկորցնի հաճախորդներ, հեղինակություն»,- ասաց Օսիպյանը՝ հավելելով, որ գյուղատնտեսական ոլորտի վարկավորման սեգմենտում մրցակցությունը թույլ է, և ներկայում բանկերը փորձում են ընդլայնվել այս հատվածում։

Օսիպյանը չհամաձայնեց պնդումների հետ, թե բանկերը գերշահույթներ են ստանում։ «Բանկային համակարգը տնտեսության այն եզակի ոլորտներից է, որտեղ առկա է լուրջ մրցակցություն»,- ասաց Օսիպյանը՝ հավելելով, թե նման պայմաններում գերշահույթներ ստանալն անհնար է։ Ըստ նրա՝ Հայաստանի բանկային համակարգում կապիտալի եկամտաբերության մակարդակը՝ ROE-ն, տատանվում է 10-12%-ի շրջանակում, այնինչ ողջ աշխարհում ընդունված 14%+ ցուցանիշը։

Այս տարվա առաջին կիսամյակում բանկային համակարգի ընդհանուր կապիտալն աճել է 12,2 մլրդ դրամով կամ 3,3%-ով, ակտիվները՝ 135,1 մլրդ դրամով (6,5%-ով), վարկային ներդրումների ծավալն ավելացել է 213,6 մլրդ դրամով կամ 16%-ով, ֆիզիկական անձանց ավանդների ծավալն աճել է 78,5 մլրդ դրամով կամ 18,1%-ով, իրավաբանական անձանցը՝ 33 մլրդ դրամով կամ 15,8%-ով։

Մեկնաբանել