Լիբիայի իշխանությունները փակել են ավիահաղորդակցությունը Բենղազիի հետ

Լիբիայի իշխանությունները լույս ուրբաթ փակել են օդային հաղորդակցությունը Բենղազի քաղաքի օդանավակայանի հետ, հաղորդում է AFP-ն։

«Հինգշաբթի երեկոյան մենք կարգադրել ենք դադարեցնել բոլոր թռիչքները՝ ելնելով անվտանգության պատկերացումներից»,- մեջբերում է գործակալությունը Բենղազիի օդանավակայանի ծառայության աղբյուրին։

Կարգադրությունն ուժի մեջ է մտել առանց նախօրոք ծանուցման։

Ինչպես նշում է գործակալությունը, Լիբիայի իշխանությունների որոշումը պայմանավորված է սեպտեմբերի 11-ին Բենղազիում ԱՄՆ-ի հյուպատոսության վրա իրականացված հարձակմամբ, որի հետևանքով զոհվեց Լիբիայում Միացյալ Նահանգների դեսպանը և դիվանագիտական առաքելության ևս երեք աշխատակից։

Բենղազիում կատարվածը և դրան հաջորդած հարձակումները ամերիկյան դեսպանատների վրա արաբական երկրներում այս շաբաթ հրահրել է ԱՄՆ-ում նկարված «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմը, որը ըստ մուսուլմանների՝ վիրավորում է իրենց կրոնը և Մուհամադ մարգարեին։

Համաձայն CNN հեռուստաալիքի տեղեկատվության՝ նախօրեին ֆիլմի պատճառով ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ բողոքի զանգվածային ցույցեր են տեղի ունեցել Մերձավոր Արևելքի ու Աֆրիկայի ավելի քան տասը երկրում։ Առավել զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել Սանայում (որտեղ զոհվել է չորս մարդ) ու Կահիրեում (որտեղ տուժել է մոտ 200 մարդ)․ Կահիրեում ցուցարարների բախումները ոստիկանների հետ ներկայում շարունակվում են։