Ցուցարարները ներխուժել են Սուդանում Գերմանիայի դեսպանատուն

Վրդովված ամբոխը այսօր Սուդանի մայրաքաղաք Խարտումում ներխուժել է Գերմանիայի դեսպանատուն, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ականատեսներին։

Գործակալության տեղեկություններով՝ Գերմանիայի դիվանագիտական ներկայացուցչության մոտ բողոքող ցուցարարներին վրդովեցրել է «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմը, որը բողոքի ակցիաներ է հրահրել մուսուլմանական մի շարք երկրներում։

Ինչպես հաղորդում է Reuters-ը, մոտ 5 հազ․ մարդ հավաքվել է Խարտումի կենտրոնում և շարժվել է՝ գրոհելու Գերմանիայի ու Մեծ Բրիտանիայի դեսպանատների վրա, որոնք միմյանց մոտ են տեղակայված։ Ոստիկանությունը փորձել է թույլ չտալ դիվանագիտական առաքելությունների շենքերի գրոհումը՝ կիրառելով արցունքաբեր գազ։ Սակայն, ինչպես նշում է գործակալությունը, դա չի կանգնեցրել արմատական տրամադրված մարդկանց։ Այս պահին հայտնի է, որ ցուցարարներին հաջողվել է ներխուժել Գերմանիայի դեսպանատան շենք և Գերմանիայի դրոշը փոխարինել իսլամիստական կազմակերպություններից մեկի դրոշով։

Այսօր՝ ավելի վաղ, ոստիկանների հետ ցուցարարների բախումներ էին տեղի ունեցել Եմենում։ Այնտեղ վրդովված ամբոխը փորձել է մոտենալ ԱՄՆ-ի դեսպանատանը, սակայն ոստիկանությունը կիրառել է ջրցան մեքենաներ և ցուցարարներին թույլ չի տվել հարձակվել դիվանագիտական առաքելության շենքի վրա։

«Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի (որն ըստ մուսուլմանների՝ վիրավորում է իրենց կրոնը և Մուհամադ մարգարեին) մասին տեղեկատվությունը լրատվամիջոցներում հայտնվեց երեքշաբթի՝ 2001թ․ սեպտեմբերի 11-ի հերթական տարելիցի օրը։ Դրանից հետո Լիբիայի Բենղազի քաղաքում ԱՄՆ-ի հյուպատոսության վրա իրականացված հարձակման հետևանքով զոհվեց այս երկրում Միացյալ Նահանգների դեսպանը և դիվանագիտական առաքելության ևս երեք աշխատակից։

Ֆիլմի դեմ ուղղված բողոքի ակցիաները սեպտեմբերի 11-ից չեն դադարում Կահիրեում՝ Գարդեն Սիթի թաղամասում, որտեղ գտնվում է ԱՄՆ-ի դեսպանատունը։