Կարևոր է ոչ թե ռիսկերի բացակայությունը, այլ կառավարումը. սոցապ նախարար

Չնայած պաշտոնական հայտարարությունների, թե 2014-ից ներդրվող կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի ռիսկերը նվազագույն են, համաշխարհային տնտեսության ներկայիս պայմաններում հազիվ թե հնարավոր են հստակ կանխատեսումներ անգամ մեկ տարվա կտրվածքով։

Հայաստանում 2014թ. ներդրվող պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ռիսկերը հասցված են նվազագույնի։ Սեպտեմբերի 14-ին ԱՄՆ ՄԶԳ Կենսաթոշակային և աշխատաշուկայի բարեփոխումների ծրագիրի (ԿԱԲԾ) «Արժանապատիվ աշխատանք և համարժեք կենսաթոշակ» համաժողովում հայտարարել է ծրագրի ղեկավար Ռոզա Չիափեն: Ըստ նրա՝ կենսաթոշակային բարեփոխումների շրջանակում կառավարությունը լուրջ քայլեր է կատարել: «Կարծում եմ՝ Հայաստանը պատրաստ է անցում կատարել կենսաթոշակների պարտադիր կուտակային համակարգի։ Ռիսկերը հասցված են նվազագույնի, և գործընթացը վերահսկելու է Կենտրոնական բանկը»,- ասել է Չիափեն։

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերով նախարար Արտեմ Ասատրյանի խոսքով՝ ռիսկեր առկա են ցանկացած համակարգում, նույնիսկ ներկայիս միաստիճան համակարգում: Ըստ նրա՝ չափազանց կարևոր է ոչ թե ռիսկերի բացակայությունը, այլ այնպիսի համակարգի ստեղծումը, որը հնարավորություն կտա կառավարել ռիսկերը:

Միջոցառմանը ներկա ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի կարծիքով՝ կենսաթոշակային բարեփոխումների հաջողությունը պայմանավորված է մի քանի կարևոր սկզբունքներից՝ անձնական պատասխանատվությունից, քանի որ յուրաքանչուր մարդ պետք է ինքը պատասխանատվություն ստանձնի իր ապագայի համար, ինքնաբավությունից, կանխատեսելիությունից և հրապարակայնությունից:

Չնայած պետությունն իրավական մակարդակում գրեթե զրոյականի է հասցրել կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի ռիսկերը, կառավարությունը նույնիսկ մեծ ցանկության դեպքում չի կարող կանխատեսել համաշխարհային տնտեսության զարգացումները 20 տարվա կտրվածքով։ 2014թ. ներդրվելիք համակարգի արդյունքները տեսանելի կլինեն միայն 25-30 տարի անց։

Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի դեպքում հավաքագրված միջոցները պետք է տեղաբաշխվեն ֆինանսական գործիքներում՝ ապահովելով եկամուտներ: Բայց ինչպես ցույց են տալիս վերջին զարգացումները, այսօր ամենահուսալի արժեթղթերն անգամ մի քանի տարի անց կարող են դառնալ անհուսալի։

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված են, թե ինչպիսին կարող են լինել պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդերը (հավասարակշռված, պահպանողական, կայուն եկամտային ֆոնդ) և որ տեսակի արժեթղթերում ու ինչ մասնաբաժնով կարող են կատարվել ներդումները։

Օրենքով սահմանված է նաև, որ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվները կարող են ներդրվել Հայաստանում և արտերկրում, ինչպես օրինակ՝ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կամ Եվրոպական Միության երկրների կենտրոնական բանկերի թողարկած կամ ամբողջությամբ երաշխավորած արժեթղթերում, բանկերի ավանդներում, արժեթղթերում, վերահսկվող ներդրումային ֆոնդերի փայերում։ Հայաստանում ակտիվները կարող են ներդրվել բանկային հաշիվներում և ավանդներում, ԿԲ-ի թողարկած կամ ամբողջությամբ երաշխավորած արժեթղթերում, պետական արժեթղթերում, այն ներդրումային ֆոնդերի թողարկած արժեթղթերում, որոնք վերահսկվում են Կենտրոնական բանկի կողմից։

Ստացվում է, որ երբ քննարկվում էր օրենքը՝ 2010թ., կառավարությունը նույնիսկ չէր էլ պատկերացնում, որ ԵՄ-ն կհայտնվի բավական լուրջ մարտահրավերների առջև ու Հունաստանի պետական պարտատոմսերը կիջնեն «աղբային» մակարդակի։

Հայաստանի կենսաթոշակների պարտադիր կուտակային համակարգն ընդօրինակում է էստոնական մոդելը։ Ինչպես և Էստոնիայում, Հայաստանի կառավարությունը պարտավորվել է պարտադիր կուտակային ֆոնդերին աշխատողի կողմից փոխանցված աշխատավարձի 5%-ին համարժեք գումար ներդնել իր կողմից։ Ճգնաժամային 2009թ.ն Էստոնիայի կառավարությունը հրաժարվել էր կատարել իր պարտավորությունները։ Չի բացառվում, որ եթե Հայաստանի կառավարությունը հայտնվի ֆինանսական խնդիրների առջև, նա նույնպես կնախընտրի լուծման էստոնական տարբերակը։