Սիրիահայ համայնքը ոչ միայն չեզոք է, այլև՝ խաղաղասեր. Ժիրայր Ռեյիսյան

Հալեպում ընդդիմադիրների և կառավարական ուժերի միջև բախումները հասել են հայերով բնակեցված թաղամասեր, իրավիճակը կտրուկ սրվել է: Միջազգային և հայկական մամուլում հայ համայնքին վերաբերող թյուր տեղեկություններ են հայտնվում: ՍիվիլՆեթը զրուցեց Հալեպի Ազգային առաջնորդարանի մամլո խոսնակ Ժիրայր Ռեյիսյանի հետ՝ ճշգրիտ տեղեկություններ իմանալու համար:

ՍիվիլՆեթ – Հայկական Նոր գյուղ թաղամասում արդեն ընդդիմադիր ուժեր կան, տեղի են ունենում բախումներ կառավարության ուժերի հետ: Այդ երկուսի նկատմամբ հայերի վերաբերմունքն ու դիրքորոշումն ինչպիսի՞ն է:

Ժ.Ռ. – Հայերը միայն իրենց կարիքների և ժողովրդի ապահովության ու պաշտպանության համար են աշխատում: Իսկ բախվող կողմերը մենակ իրար մեջ են կռվում:

ՍիվիլՆեթ – Իսկ վիրավորներ լինո՞ւմ են:

Ժ.Ռ. – Բնական է, վիրավորներ կլինեն, կարող են նաև նահատակվել, բայց բարեբախտաբար լուրջ վնասվածներ դեռևս չունենք:

ՍիվիլՆեթ – Daily telegraph-ը գրել էր, որ հայերը պետության կողմից զինվել են և կռվում են ընդդիմադիրների դեմ: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

Ժ.Ռ. – Պետությունը թաղերի պաշտպանության անվան տակ կամավոր խմբակներ է ստեղծել: Դրանք թեթև զենքերով են զինված և նրանց մեջ հայեր էլ կան: Սակայն համայնքը նրանց չի հովանավորել և համայնքը կապ չունի այդ խմբավորումների հետ: Այդտեղ համայնքի պատասխանատվություն չկա:  Համայնքը պատասխանատվություն չի կրում: Մենք ուզում ենք, որ հարցերը խաղաղ ձևով լուծվեն՝ երկխոսության միջոցով:

ՍիվիլՆեթ – Նախորդ զրույցում Դուք ասել էիք, որ համայնքը չեզոք դիրքում է և ոչ մի կողմի չի հարում: Բայց այդ դիրքը պահելու համար պետք է որոշակի ուժ ունենալ, համայնքն այդ ուժն ունի՞:

Ժ.Ռ. – Համայնքը ոչ միայն չեզոք է, այլև՝ խաղաղասեր: Համայնքն ուզում է, որ Սիրիան ժամ առաջ վերագտնի իր բնականոն կյանքը և ժողովուրդն իր երկրի սովորական զարգացման մեջ լինի:  Որևէ մեկը մեր դեմ, կամ մեր հետ հարց չունի: Այսինքն՝ տրամաբանորեն չպետք է ունենա: Իսկ երբ կլինեն պատահական զոհեր կամ վիրավորներ, վնասված շենքեր՝ դա մեր կամքից դուրս է:

ՍիվիլՆեթ – Իսկ փախստականների համար կա՞ն հատուկ պայմաններ, հարմարություններ:

Ժ.Ռ. – Այո, արդեն հայտարարել էինք, որ հալեպահայ համայնքը, իր բոլոր միություններով և կազմակերպություններով կազմել է արտակարգ իրավիճակների սիրիահայ շտապ օգնության մարմին:  Նրանք արդեն ամեն տեսակի աշխատանքները կատարել են և պատրաստված են որևէ տեսակի անակնկալ պատահարի համար՝ լինի բուժօգնություն, թե այլ խնդիր:

ՍիվիլՆեթ – Իսկ հնչո՞ւմ են կոչեր, որ հայերը լքեն իրենց տները, թաղամասերը:

Ժ.Ռ. – Բացարձակապես ո՛չ:

ՍիվիլՆեթ – Եթե հանկարծ իրավիճակը կտրուկ փոխվի՝ հայերը կկարողանա՞ն ինչ-որ ձևով ինքնապաշտպանվել:

Ժ.Ռ. – Եթե որևէ անակնկալ վիճակ ստացվի՝ պահի թելադրությամբ անպայման
լուծումը կգտնվի:

ՍիվիլՆեթ – Զոհված հայերի հստակ թիվ կա՞:

Ժ.Ռ. – Նահատակված զինծառայողներ կան: Եղել են նաև անմեղ հայ զոհեր, բայց հստակ թիվ չկա: Բոլորը տարբեր ժամանակներում են եղել:

ՍիվիլՆեթ – Ընդդիմադիր ուժերի հետ որևէ կապ հաստատվե՞լ է, կամ նախատեսվո՞ւմ է:

Ժ.Ռ. – Մասնավոր ոչ մեկը չի կապվել: Մենք չենք, որ այդ կապը պիտի ստեղծենք, ոչ էլ իրենք են այդ կապն առաջարկել: Այսինքն՝ մենք չենք կապվել: Ամեն պարագայում հայությունը իրար հետ բախվող կողմերից ոչ մեկի հետ չի առնչվել:

ՍիվիլՆեթ – Իսկ անհրաժեշտության դեպքում հնարավո՞ր է կապ հաստատելը:

Ժ.Ռ. – Եթե կարիքը լինի՝ հնարավորություն էլ կստեղծվի: