Սա ամբողջ աշխարհում է կատարվում. Հայաստանը մեկն է այդ երկրներից. ԱՄՆ դեսպան

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն այսօր լրագրողների հետ հանդիպմանը մեկնաբանել է, թե ինչու էր Հայաստանը հայտնվել 7 մահմեդական երկրների շարքում, որոնց ԱՄՆ քաղաքացիների անվտանգության վերաբերյալ կոչ էր ուղղվել:

ԱՄՆ դեսպանն ասել է, որ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի կազմած`ամերիկյան քաղաքացիների համար 7 առավել վտանգավոր երկրների ցանկի մասին լուրերը, որում ընդգրկված է նաև Հայաստանը, ամբողջական չեն եղել. դեսպանատները աշխարհով մեկ զգուշացրել են ամերիկյան քաղաքացիներին:

«Սա ամբողջ աշխարհում է կատարվում, և Հայաստանը մեկն է այդ երկրներից: 7 երկրների մասին լուրերը ամբողջական տեղեկություններ չեն: Այս պահի դրությամբ արդեն 50 դեսպանատներ զգուշացրել են իրենց քաղաքացիներին: Հայաստանի հետ կապված որևէ տեղեկատվություն չկա, և Հայաստանի հետ որևէ առնչություն չունի»,-պարզաբանել է դեսպանը:

Դեսպանի խոսքով` Լիբիայում տեղի ունեցած իրադարձությունները, Կահիրեում ԱՄՆ-ի դեսպանատան և Լիբիայում ԱՄՆ-ի հյուպատոսության հետ կապված վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ ամերիկյան դեսպանատները ամենուր պետք է զգոնություն ցուցաբերեն: «Միացյալ Նահանգների յուրաքանչյուր դեսպան պարտավոր է ամեն ինչ անել ԱՄՆ-ի քաղաքացիների անվտանգությունը ապահովելու համար` անկախ նրանից` այդ երկրում որևէ իրադարձություն եղել է, թե` ոչ»,- լրագրողների հարցերին ի պատասխան ասել է դեսպան Հեֆերնը: