Չինաստանի դեսպանը հետաքրքրվել է Հայաստանի գյուղատնտեսությամբ

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապեությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տյան Չանչունին: 

Նախարարը նշել է, որ հայ-չինական հարաբերությունները գյուղատնտեսության բնագավառում մեծ հեռանկարներ ունեն. «Մենք գիտենք, որ Չինաստանը հարուստ գյուղատնտեսություն ունեցող զարգացած երկիր է, որից սովորելու  շատ բան ունենք:  Սակայն, ցավոք, մեր երկու նախարարությունների միջև փոխշահավետ կապերը դեռևս հեռու են լիարժեք լինելուց»: 

Դեսպան Չանչունը նախ գոհունակությամբ  նշել է, որ ընթացիկ տարին առատ տարի է Հայաստանի գյուղատնտեսության  համար, և դա նկատելի է, այնուհետև խնդրել է որոշակի տեղեկատվություն` երկկողմ համագործակցության հնարավոր ուղղությունների և ոլորտների մասին:

Նախարար Սերգո Կարապետյանը, որպես համագործակցության կոնկրետ ուղղություններ, առանձնացրեց գյուղատնտեսության մեքենայացման ոլորտում առևտրային հարաբերությունների զարգացումը, տրակտորների և գյուղատնտեսական գործիքների Հայաստան այլընտրանքային ֆինանսավորմամբ ներկրելու հնարավորության ուսումնասիրությունը, ՉԺՀ գործարարների ներդրումներով Հայաստանում համատեղ ձեռնարկությունների ստեղծումը, չինական տեխնոլոգիական սարքավորումների և հոսքագծերի մասին հայ գործարարներին տեղեկատվությամբ ապահովելը, բուսաբուծության, կենսատեխնոլոգիաների, հողագործության, պտղաբուծության , անասնաբուծության և շերամաբուծության բնագավառներում երկու երկրների գիտնականների փորձի  համատեղումը, ինչպես նաև  գյուղացիական կոպերատիվների և ապահովագրական համակարգերի ստեղծման, և հատկապես, գյուղատնտեսական հողատեսքերի  արդյունավետ օգտագործման չինական փորձի ուսումնասիրումը:

Դեսպան Չանչունը պատրաստակամություն է հայտնել բարձրացված հարցերի վերաբերյալ բավարար տեղեկատվություն ներկայացնել ՉԺՀ գյուղատնտեսության նախարարությանը և փոխանցել ՉԺՀ գյուղատնտեսության նախարարի հրավերը Սերգո Կարապետյանին պաշտոնական այցով Չինաստան այցելու մասին: