Այս հրեշավոր գործարքը կարող էր չլինել, եթե մեր Վեհաժողովը հաճախ չդրսևորեր երկակի ստանդարտներ. Ն.Զոհրաբյան

Այսօր Փարիզում տեղի ունեցած ԵԽԽՎ փախստականների և տեղահանված անձանց հանձնաժողովի նիստում ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է օգոստոսի 31-ին Հունգարիայի կողմից Ադրբեջանին արտահանձնված հանցագործ Ռամիլ Սաֆարովին խնդրին. այս մասին հաղորդում է «Ա1+»-ը:

Իր ելույթում հայ պատգամավորն ասել է. «Հարգելի գործընկերներ, մինչ մենք կանցնենք մեր հանձնաժողովի բուն օրակարգին, որպես ԵԽԽՎ պատգամավոր, թույլ տվեք ինձ հանդես գալ հայտարարությամբ։ Ես հասկանում եմ, որ այն, ինչի մասին խոսելու եմ, մեր այսօրվա օրակարգի հետ կապ չունի։ Սակայն այն, ինչի մասին ես պիտի խոսեմ՝ ամենաուղղակի կապն ունի եվրոպական մեր ընտանիքի ապագայի հետ, ամենաուղղակի կապն ունի այն բանի հետ, թե իրականում ի՞նչ արժեքների վրա կառուցված Եվրոպա ենք մենք ուզում ունենալ և ի՞նչ կարող ենք ունենալ իրականում, եթե եվրոպական արժեքները շարունակվեն ոտնահարվել։

Օգոստոսի 31-ին ԵՄ անդամ Հունգարիայի և տոտալիտար Ադրբեջանի միջև կայացած հանցավոր և ամոթալի գործարքի արդյունքում քնած հայ սպային կացնահարած ադրբեջանցի հրեշ Ռամիլ Սաֆարովն արտահանձնվեց Ադրբեջանին և հենց օդակայանում Ադրբեջանի նախագահի կողմից նրան ներում շնորհվեց և կոչումի բարձրացում ստացավ։ Հունգարիան, վաճառեց եվրոպական արժեքներն ու արդարադատությունը, և տոտալիտար Ադրբեջանին հանձնեց հանցագործի, հանձնեց մի երկրի, որտեղ էթնիկ հողի վրա կատարված սպանությունը համարվում է ամենաբարձրագույն հերոսությունը։ Հերթական անգամ Ադրբեջանն ապացուցեց, որ ինքը իրավունք չունի լինելու եվրոպական մեր ընտանիքի անդամը, և մի երկիր, որտեղ գրեթե սրբագործություն է համարվում էթնիկ հողի վրա կատարված հանցագործությունը, պիտի դատապարտվի ողջ քաղաքակիրթ մարդկության կողմից։

Հարգելի գործընկերներ, այս հրեշավոր գործարքը կարող էր և տեղի չունենալ, եթե միջազգային կառույցները, եթե մեր Վեհաժողովը հաճախակի չդրսևորեին երկակի ստանդարտներ տոտալիտար Ադրբեջանի հանդեպ։ Այն, ինչ տեղի ունեցավ, այդ ամոթն ու խայտառակությունը, ուղղակի հարված էր եվրոպական արժեհամակարգին, միջազգային հանրությանն ու քաղաքակիրթ աշխարհին։ Երեկ եվրոպական խորհրդարանն իր ընդունած բանաձևում դատապարտեց Սաֆարովի արտահանձնում ու Ադրբեջանի և Հունգարիայի միջև կայացած գործարքը։ Ես հույս ունեմ, որ մեր կառույցը ևս լիագումար նիստում իր հստակ և պաշտոնական գնահատականը կտա տեղի ունեցած խայտառակությանը»։

Նաիրա Զոհրաբյանը նաև հանձնաժողովի նիստի բոլոր մասնակիցներին հանձնել է ՀՀ ԱԺ-ի կողմից արտահերթ նիստի ժամանակ ընդունված համատեղ հայտարարությունը։

Մեկնաբանել