Աստիճանաբար պատերազմը մոտեցնում ենք մեր տանը

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը պնդում է, որ Հայաստանը ճանաչի ԼՂՀ անկախությունը: ՍիվիլՆեթի հետ զրույցում նա ներկայացնում է իր փաստարկները՝ ինչու է դա պետք անել:

-Պարոն Սարգսյան, Սաֆարովի արտահանձնումից հետո առավել ակտիվ է քննարկվում Լեռնային Ղարաբաղը ճանաչելու հարցը: Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է այս հարցն այդքան ակտիվ քննարկվում հենց այս շրջանում. մեկ տարի առաջ նման նախագիծը այդքան մեծ արձագանք չունեցավ:

-Երկար պատմություն է: Կարևոր է, որ հետաքրքրությունը հասարակության շրջանում մեծանում է, և երևի թե իսկապես կարևոր է քննարկել ստեղծված իրավիճակը: Վերջին տարիներին գոյություն ունեն ընդամենը աբստրակտ հարցեր՝ ճանաչել-չճանաչել, ի՞նչ օգուտ կլինի դրանից, և ստեղծվել է մի թեզ՝ դեռ ժամանակը չէ: Ե՞րբ է ժամանակը՝ ոչ ոք չի ասում և չի հիմնավորում այդ թեզը: Այսինքն՝ բանավեճն այս հարցի շուրջ փակուղու մեջ է մտել: Սակայն այս անգամ կան բավական ռացիոնալ տեսակետներ, փորձեր ավելի խորն ընկալել ստեղծված իրավիճակը: Ի վերջո՝ ի՞նչ են ասում մարդիկ, որոնք այդ թեզն են պաշտպանում: Նրանք ասում են՝ դա կլինի առիթ, որ Ադրբեջանը սկսի պատերազմ, դա կպայթեցնի բանակցային գործընթացը, դա անթույլատրելի է: Կա նման միասնական մոտեցում, որը կասկածի տակ դնող մարդիկ որակվում են ոչ կոմպետենտ և անպատրաստ ու մեղադրվում են պատերազմի կոչ անելու մեջ: Այսինքն՝ միանգամից պատերազմի թեզն է մեջտեղ բերվում:

-Ձեր կարծիքով՝ որքանո՞վ է ճշմարտացի մեկնաբանությունը՝ եթե ոչ բանակցություններ, ապա պատերազմ:

-Տարիներ շարունակ, օրեցօր ավելի շատ է խոսվում պատերազմից: Երբ մարդկանց հարցնում ես՝ ի՞նչ եք սպասում բանակցություններից, ոչ ոք ոչինչ չի ասում, քանի որ բոլորը շատ լավ հասկանում են, որ Ադրբեջանը բանակցություններն օգտագործում է մի նպատակով՝ պատրաստվել պատերազմի կամ էլ ընթացքում միջազգային հանրության ձեռքով Հայաստանին պարտադրել Ադրբեջանի տեսակետը: Վերջերս արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նույնն է ասել՝ Ադրբեջանը օգտագործում է բանակցային գործընթացը պատերազմի պատրաստվելու համար:

-Իսկ մե՞նք ինչ ենք անում:

-Ես էլ եմ ուզում այդ հարցը տալ նման բաներ ասող մարդկանց՝ ինչո՞ւ է նման վիճակ ստեղծվել:

-Այսինքն՝ Դուք համարում եք, որ բանակցային գործընթացը որպես այդպիսին ընդհանրապես արդյունավետ չէ և ամեն օր մոտեցնում է պատերազմի՞:

-Բոլորն են դա ասում և նշում, որ այս գործընթացը պետք է պահպանել, այն էլ՝ Մինսկի խմբի շրջանակում: Այսինքն, ըստ բոլորի, պատերազմի տանող գործընթացը պետք է պահպանել: Եվ այստեղ է, որ ես գտնում եմ, որ կա՛մ մարդիկ ընդհանրապես չեն ընկալում՝ ինչ է կատարվում, կա՛մ անզոր են, կա՛մ էլ պատասխանատվությունից խուսափելու համար ինչ-որ բաներ են թաքցնում: Դա շատ կարևոր հանգամանք է՝ խուսափել պատասխանատվությունից, ինչն էլ բոլորը նկատում են:

-Բանակցային գործընթացում խոսվում է ԼՂ ժողովրդի ինքնորոշման մասին, այսինքն՝ ճանաչման-չճանաչման խնդիր դրված չէ: Եթե ինքնորոշումն է հայկական կողմի նպատակը, ապա կա երեք տարբերակ՝ կա՛մ Ադրբեջանի կազմում, կա՛մ անկախ, կա՛մ Հայաստանի հետ միասին: Այս կոչերը որքանո՞վ են համահունչ այն կոչերին, որոնք հնչում են Հայաստանում՝ Արցախը միավորել Հայաստանին կամ անկախություն տալ: Միգուցե, ավելի ճիշտ է ինքնորոշման պարագա՞ն քննարկել:

-Գիտեք, անկախանալ, միանալ Հայաստանին կամ մտնել Ադրբեջանի կազմի մեջ՝ բոլորը ինքնորոշման ձևեր են: Դրա համար մենք պիտի հստակ հասկանանք՝ ինչ է այսօր դրված բանակցային սեղանին, իսկ բանակցային սեղանին տարիներ շարունակ դրված է մի տարբերակ, որտեղ Հայաստանն ու Ադրբեջանը պիտի համաձայնեն Ղարաբաղին տրամադրել միջանկյալ կարգավիճակ, Ադրբեջանին վերադարձնել ինչ-որ տարածքներ, վերադարձնել փախստականներին, որից հետո մտածել Ղարաբաղի կարգավիճակի մասին:

-Մտածե՞լ, թե՞ ինքնորոշման իրավունք տրամադրել:

-Տեսեք՝ ինչպես է դրված. Ադրբեջանն է ԼՂ-ին տրամադրում հատուկ կարգավիճակ, և Հայաստանը համաձայնում է դրան: Սա է խնդիրը:
Մենք պետք է հասկանանք այս դրվածքը: Համապատասխանաբար, դրա մասին պետք է տեղեկացնենք հասարակությանը, իսկ եթե ոչ՝ ուրեմն խաբում ենք: Անհրաժեշտ է հասկանալ՝ ինչ է նշանակում այս մոտեցումը՝ ընդունել ադրբեջանական կողմի այս սկզբունքը: Դա նշանակում է, որ Ղարաբաղի շուրջ գոյություն ունի կոնկրետ իրավիճակ:

-Ո՞րն է այդ իրավիճակը:

-1991թ. Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և չի ճանաչել ԼՂ-ն: Կա մի քանի կարևոր հանգամանք, որոնցից ելնելով՝ միջազգային հանրությունը գնահատում է իրադրությունը: Միջազգային հանրության տեսակետից՝ Ղարաբաղյան խնդիրը հետևյալն է՝ Ադրբեջանի օկուպացված տարածքում 600 հազ. ադրբեջանցի փախստականի և 150 հազ. հայի կարգավիճակի խնդիր կա: Սա է այն ձևակերպումը, որը գոյություն ունի, և որին համաձայն է Հայաստանը:

-Մարդկային գործոնի առումով Ադրբեջանի տեսակետն այս պարագայում ավելի գերակշռո՞ղ է:

-Խնդիրն այն է, որ երբ Ճգնաժամային խումբը խոսում է դրանից, մենք ասում ենք՝ դուք ինչի՞ց եք խոսում: Նրանք խոսում են ըստ էության՝ կա մի տարածք, որտեղ մարդասիրական խնդիր գոյություն ունի՝ ադրբեջանցի փախստականներ և հայերի կարգավիճակ: Եվ այս ամենի հետ մեկտեղ կա քաղաքական իրավիճակ: Ի՞նչ է նշանակում ճանաչել որևէ պետության ինքնիշխանություն: Առաջին հերթին դա նշանակում է ճանաչել այդ պետության իրավունքը, օրինական ուժ կիրառել իր ինքնիշխանությանը սպառնացող գործոնի դեմ, այսինքն՝ Հայաստանը մինչև այսօր ճանաչում է Ղարաբաղի դեմ օրինական ուժ կիրառելու Ադրբեջանի իրավունքը: Ահա որտեղից է սկսվում օրեցօր ուժեղացող պատերազմի վտանգը:

-Հայկական կողմը նշում է, որ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն առանց Լեռնային Ղարաբաղի:

-Ո՞վ է ասում: Վերցրեք այն փաստաթուղթը, որտեղ դա ամրագրված է. պայմանագիր ԱՊՀ-ի մասին, կետ 5-րդ, ըստ որի՝ ստորագրող կողմերը ճանաչում են միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և գոյություն ունեցող սահմանները, 1991թ. դեկտեմբերի 21: Մինչև այսօր որևէ փոփոխություն չի եղել, և այս պայմանագիրը վավերացրել է Հայաստանի խորհրդարանը, և չնայած այնտեղ այն ժամանակ բոլորը համաձայնել են, որ խորհրդարանները կարող են հատուկ կարծիք արտահայտել, Հայաստանը նման հատուկ կարծիքով հանդես չի եկել, չի ամրագրել, որ գոյություն ունի անհամաձայնություն ԼՂ-ի խնդրի շուրջ: Այս ամենը ուժի մեջ է. մենք կարող ենք հեքիաթներ հորինել, որ նման բան չկա: Ոչ, այս խնդրի կարգավորման մեջ ներգրավված երկրները ելնում են հենց այս դրույթներից:

-Այսինքն՝ միջազգային իրավունքի կոնկրետ դրույթներ, որոնք ամրագրում են Ադրբեջանի իրավունքը:

-Բերեմ Կիպրոսի օրինակը. Թուրքիան չի ճանաչում Կիպրոսը, այլ ճանաչում է Հյուսիսային Կիպրոսը որպես պետություն և այսպես էլ վարվում է և ներկայացնում է աշխարհին:

-Կիպրոսի և Ղարաբաղի կարգավիճակները, կարծես, որոշակի նմանություններ ունեն:

-Չունեն, հակառակը: Միջազգային իրավունքի տեսակետից լրիվ տարբեր են: Ինչո՞ւ է Կիպրոսի հարցով զբաղվում ՄԱԿ-ը. որովհետև նման պայմաններում, երբ Թուրքիան այսպիսի մոտեցում է ցուցաբերում, ԵԱՀԿ-ն այս խնդրի հետ ոչ մի կապ չունի: Հյուսիսային Կիպրոսը ԵԱՀԿ-ի շրջանակում վիճելի տարածք է: Երբ մենք խոսում ենք Ղարաբաղը ճանաչել-չճանաչելու մասին, շատերն ասում են՝ ինչ նշանակություն ունի: Դա ահռելի նշանակություն ունի: Ճանաչելու պահից ի վեր Ղարաբաղը դառնում է մի տարածք, որը ԵԱՀԿ-ից դուրս է, այն այլևս չի ենթարկվում Հելսինկյան ակտին:

-Այսինքն՝ եթե մենք ճանաչում ենք ԼՂՀ-ն, խնդիրը դուրս է գալիս ԵԱՀԿ-ի շրջանակից և տեղավորվում է ՄԱԿ-ի՞ հարթության մեջ:

-Հենց այս վիճակն է տանում պատերազմի: Անհրաժեշտ է այս հարցը քննարկել, այլ ոչ թե փախչել խորհրդարանից, բանավեճերից, խաղաղության կոչեր անել: Կյանքը ցույց է տվել, որ որքան շատանում են խաղաղության կոչերը, այնքան պատերազմն ավելի մոտենում է, քանի որ խաղաղության կոչեր են անում մարդիկ, ովքեր հույս ունեն, որ հրաժարվելով սեփական իրավունքից՝ կարելի է հետաձգել պատերազմը:

Զրուցեց Դերենիկ Մալխասյանը

Մեկնաբանել