Նյու Յորքի դաշնային դատարանը $37,5 մլն-ի վճիռ է կայացրել Վ.Այվազյանի դեմ

Սեպտեմբերի 6-ին Միացյալ Նահանգների Նյու Յորքի հարավային շրջանի Դատական ակտերի կատարման ծառայությունը կատարման է տրամադրել Կատարողական թերթ՝ Վարդան Այվազյանի հանդեպ կատարման համար հոգուտ «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի («ԳԳՄ»). հաղորդում է «Հետք» գործակալությունը։

Կատարողական թերթը տրամադրվել է դատավոր Զեյ Փոլ Օտկենի (J. Paul Oetken) որոշման հիման վրա և այդ որոշման (թիվ. 12,1260) առանց բողոքարկման, վերջնական ուժի մեջ մտնելուց հետո։ Կատարման թերթի պայմաններով ԳԳՄ-ի օգտին կայացրած որոշմամբ պետք է գանձվի երեսունյոթ միլիոն հինգ հարյուր երեսունյոթ հազար ինը հարյուր յոթանասունութ ԱՄՆ դոլար և երկու ցենտ ($37,537,978.02):

Ըստ վճռում եղած նյութերի՝ 2006թ. «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերության դուստր ընկերություններից մեկը, որը Հանքավանի հանքավայրի լիցենզառուն էր, ենթարկվել էր կոռումպացված և ոչ պատշաճ պահանջների Հայաստանի բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի կողմից։ Ընկերությունը տեղեկացրել էր այդ իրավիճակի մասին Հայաստանի և Միացյալ Նահանգների համապատասխան մարմիններին: Արդյունքում ընկերությունը Այվազյանի պատճառով կորցրել էր Հանքավանի հանքավայրի նկատմամբ հսկողությունը։

Ընկերությունը ներգրավել էր միջազգային և տեղի իրավաբանների՝ դուստր ընկերության դեմ ուղղված ապօրինի և կոռումպացված գործընթացների հիման վրա պատասխանատվության ենթարկելու համար։ 2006թ. նոյեմբերի 7-ին ընկերությունը սահմանել է 30-օրյա բարի կամքի ժամկետ՝ բանակցությունների համար (որը նախապայման էր 2003թ. Բաժնեմասի գնման պայմանագրի համաձայն միջազգային արբիտրաժին դիմելու համար): Այն պետք է տեղի ունենար երեք հայտնի վաճառողների/բաժնետերերի, նախկինում ծպտյալ բաժնետեր և մյուս բաժնետերերին ուղղորդող Այվազյանի հետ։

Միջազգային առևտրի պալատի («ՄԱՊ») կանոնների համաձայն՝ ընկերությունը 2006թ. դեկտեմբերի 29-ին դիմել է Փարիզում տեղակայված արբիտրաժ։ 2008 թ. հունիսի 25-ին Նյու Յորքի հարավային շրջանի դաշնային դատարանը կայացրել է որոշում՝ Այվազյանից պահանջելով որպես պատասխանող ներկայանալ ՄԱՊ-ի արբիտրաժ։

2008թ. սեպտեմբերի 5-ին ՄԱՊ-ի Միջազգային արբիտրաժային դատարանը կայացրել է որոշում, որի համաձայն՝ Այվազյանը պետք է համարվի որպես կողմ Նյու Յորքի հարավային շրջանի դաշնային դատարանի՝ 2008թ. հունիսի 25-ին կայացրած որոշման համաձայն։ Այնուհետև՝ 2011թ. դեկտեմբերին, ՄԱՊ-ի Տրիբունալը որոշել է գործընթացը շարունակել միայն հայտնի երեք բաժնետերերի մասով:

2012 թ.մարտին ԳԳՄ-ն դիմել է դաշնային դատարան՝ պահանջելով որոշում կայացնել Այվազյանի նկատմամբ նույն Դատարանի կողմից նախկինում կայացրած որոշման հիման վրա եւ/կամ համապատասխանեցնել ՄԱՊ-ի Տրիբունալի նախադեպերին։

Այվազյանի գործողությունների արդյունքում կրած վնասների ապացույցների հիման վրա ԳԳՄ-ի օգտին կայացված $37,537,978.02 ԱՄՆ դոլարի դաշնային դատարանի վերջնական որոշումը բաղկացած է $27,152,244.50 ԱՄՆ դոլար վնասի հատուցման գումարից, գումարած $10,385,734.52 ԱՄՆ դոլար տույժերը՝ հաշվարկված 9%-ով՝ սկսած 2008 թվականից։

Ընկերությունը ծանուցել է ՄԱՊ-ին առ այն, որ մնացած երեք բաժնետերերի նկատմամբ ընթացող արբիտրաժը պետք է դադարեցվի վիճարկելի լինելու հիմքով՝ հաշվի առնելով Այվազյանի հանդեպ կայացրած որոշումը։

Ի՞նչ իրավական հետևանքներ կարող է ունենալ Վարդան Այվազայնի նկատմամբ Նյու Յորքի դաշնային դատարանի կայացրած վճիռը: Ամենայն հավանականությամբ, ոչ մի հետևանք էլ չի ունենա, քանի որ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև այդ ոլորտում համաձայնագիր առայսօր չի ստորագրվել: Միակ հետևանքն այն է լինելու, որ Վարդան Այվազյանը չի կարող մուտք գործել Միացյալ Նահանգներ:

Ընկերության իրավաբանը «Հետքին» տեղեկացրեց, որ վճիռը և կատարողական թերթը ուղարկվել են Վարդան Այվազյանի երկու հասցեներով՝ Երևան և Չարենցավան:

Մեկնաբանել